Ես ստացել են ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը եւ  պատրաստվում եմ այն ուղղել բոլոր մյուս 131 պատգամավորներին. կարծում եմ՝ քննարկման մեծ նյութ կա եւ առիթ կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղված իրավիճակին եւ նրան, որ Վահե Գրիգորյանը նամակով դիմել է սահմանադրական մարմիններին՝ ԱԺ-ին, կառավարությանը, ՀՀ նախագահին:

Արարատ Միրզոյանի խոսքով, իսկապես ակնհայտորեն անորոշություն կա. «Ես չեմ վարանի ասել նաեւ, որ ըստ ամենայնի, ճգնաժամի մասին կարելի է խոսել: Մենք խոսում ենք Հայաստանի իրավական անվտանգության մասին, հետեւապես ես ողջունում եմ, որ Վահե Գրիգորյանն իր նամակը բոլոր մարմիններին է ուղղել, որովհետեւ նման ճգնաժամերից ժողովուրդները դուրս են գալիս լայն քննարկումների եւ համախոհության, լայն կոնսենսուսի ճանապարհով:

Բոլոր այն անձինք, որոնք մասնակցում են ՍԴ-ի կազմավորմանը, պետք է լուրջ դիսկուրս ունենան, որպեսզի հասկանանք, թե ոնց ենք դուրս գալիս սրանից»,-ասաց Միրզոյանն անդրադարձավ այն մեկնաբանություններին, որ Վահե Գրիգորյանն անում է Սահմանադրության չափազանց տառացի մեկնաբանություն. «Այո, միշտ պետք է ավելի շատ կարեւորել օրենքի ոգին, քան տառը: Եթե նույնիսկ համարենք, որ այս դիտարկումը տեղին ու հիմնավոր է, պետք է այնուամենայնիվ ընդունենք, որ հասարակության մոտ կա անվստահություն ՍԴ-ի նկատմամբ եւ դա նոր չէ, հեղափոխությունից հետո չէ, դա եղել է տասնամյակներ շարունակ:

Մարդիկ հարցեր են բարձրացնում նաեւ Հրայր Թովմասյանի ընտրության հետ կապված, նաեւ նրա հետ կապված, որ ընդունել ենք այդ Սահմանադրությամբ նորմեր, որոնք պետք է ուժի մեջ մտնեն, օրինակ, 2035-ին, 2037-ին, երբ կլինի ՍԴ անդամների ընտրություն: Այստեղ էլ ողջախոհության հարց է ծագում, թե այդ ինչպես եղավ, որ Սահմանադրություն ենք ընդունում, իսկ որոշ նորմեր այսքան տարի էհետո է ուժի մեջ մտնում:

Մի կողմից կա տառացի մեկնաբանություն, որը խոցելի է դարձնում այդ ամբողջը, մյուս կողմից եթե ընդունենք, որ սա տառացի է, նաեւ բովանդակային հարցեր կան ուղղված ՍԴ-ին: Սրանք լուրջ հարցեր են. այն մարմինը, որը կոչված է բոլոր ինստիտուտների միջեւ վեճեր լուծելու, տա վերջնական վճիռներ, այդ մարմնի նկատմամբ վստահություն չկա: Մենք պետք է այս խնդրի հանգուցալուծմամբ զբաղվենք»,-հայտարարեց ԱԺ նախագահը:

Նա հավելեց, որ Վահե Գրիգորյանն իր նամակում ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ է մատնանշել. «Փաստարկելով եւ հիմնավորելով ճգնաժամի գոյությունը, Վահե Գրիգորյանը երեք լուծման տարբերակ է տեսնում՝ սկսած առկա իրավիճակի արձանագրումից որպես նորմալ, մինչեւ փոփոխությունների այս կամ այն չափ:

Ես չեմ ասելու ինչ է լինելու անդամը, ինչ է լինելու դատավորը: Ես կարող եմ ասել, որ կա անորոշություն: Սա այն կետն է, որ բոլորը համամիտ են: Մենք անհրաժեշտություն ունենք դատարանի կազմությանը մասնակից մարմինների (դատավորների ընդհանուր ժողով, կառավարություն, ԱԺ, ՀՀ նախագահ) շրջանում լայն քննարկում ծավալել, որ հասկանանք, թե ինչպես է երկիրը սրանից դուրս գալու:

Փաստ է, որ ՍԴ-ի հանդեպ չկա վստահություն, այդ մարմինը տարներ շարունակ եղել է խնդիրները պարտակող, լղոզող մարմին: Սա ճգնաժամ է, անկախ նրանից, թե օրվա իշխանությունների քիմքին ով է հաճելի»: