Այս պահին հարցը միարժեք իրավական է: Այս մասին, ասյօր՝ հունիսի 29-ին, ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառալով հարցին, թե համաձա՞յն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության հետ, որ ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման:
«Քաղաքականության մեջ որեւէ երեւույթ միարժեք չէ: Մենք ասում ենք՝ իրավական գործընթացները պետք է ավարտել, որ մենք կարողանանք հասկանալ: Եթե իրավական գնահատականը ճիշտ է տված, դու ասելիք չես ունենա, եթե իրավական գնահատականները խնդրահարույց են, նոր կարող ես գնահատական տալ: Բայց քանի դեռ ընթանում են դատական պրոցեսներ, քանի քննությունն ընթանում է, գնահատական տալը լուրջ չի, որովհետեւ մենք չգիտենք՝ ինչպիսի որոշում կընդունի դատարանը, որոշումը կբավարարի՞ հանրության լայն շերտերին, մեզ բոլորիս, թե՞ ոչ: Այսինքն, եթե մենք նախօրոք որակենք, դրանից որեւէ գործ կշահի՞, կամ մենք ի՞նչ ենք ուզում հասարակությանն ասել: Մենք ուզում ենք ասել, որ ավելի խելացի ենք, քան դատավորնե՞րը, իրավաբաննե՞րը, այսինքն՝ մարդիկ, որոնք կոնկրետ կոչված են այդ խնդիրը քննարկելո՞ւ: Հետեւաբար, մասնագետները պետք է աշխատեն, գնահատականը պետք է վերջում տրվի»,-ասաց նա:
Պատգմավորը վստահեցրեց, որ եթե տեսնեն, որ որեւէ գործում քաղաքական բաղադրիչ կա՝ կբարձրաձայնեն այդ մասին: «Բայց եթե այս պահին քննություն է ընթանում եւ այս ամբողջ վեճն ընդամենը խափանման միջոցի հետ է կապված, մենք այստեղ չենք կարող գնահատական տալ: Ի վերջո, դա դատավճիռ չէ, քննության ավարտ չէ, ընդամենը կարգավիճակ է խափանման միջոցի հետ կապված, եւ գնահատելն անշնորհակալ աշխատանք է»,-ասաց նա՝ հավելելով, որ երբ վերջնական վճիռը կլինի, քաղաքական ուժերը, հասարակությունը, քաղաքացիական սեկտորը իրենց գնահատականը կտան՝ արդար էր, թե ոչ:
«Դիրքորոշում արտահայտելիս քաղաքական ուժերն ավելի զգուշավոր պետք է լինեն, որովհետեւ պատասխանատվություն կա: Եթե դու հայտարարություն ես անում, որի հիմքերը չես կարողանում ներկայացնել, հանրության համար քո պահվածքը անհասկանալի է եւ քո վարկանիշն անպայման կընկնի, եթե դու ժամանակից շուտ, առանց բավարար հիմքերի հայտարարություններ անես: Այս իմաստով ԲՀԿ-ն համարում է, որ սա իրավական խնդիր է, երբ կլուծվի, նոր կհասկանանք ինչպես պետք է լինի: Այս պահին հարցը միարժեք իրավական է»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերը պետք է այս փուլում զուսպ լինեն, երբ խոսքը ընդամենը խափանման միջոցի մասին է:











