Ուղիղ 27 տարի առաջ, 1992 թվականի հունիսի 29-ին Մարտակերտի ճակատում հակառակորդի հարձակումը կասեցնելիս «Արաբո»,, «Զեյթուն», «Արմավիր» կամավորական ջոկատների եւ Մարտակերտի պաշտպանական շրջանի մարտիկները մնալով շրջափակման մեջ, կռվեցին մինչեւ վերջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, «Եռաբլուր» պանթեոնում Անհետ կորածների օրվա առթիվ միջոցառման ժամանակ նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Իր հերթին ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց. «Այսօր այն օրերից է, որ դաջվել է մեր պատմության մեջ որպես անհետ կորածների օր: Այդ օրն ավելի է ամրապանդել մեր հետագա մարտական գործողությունները, որովհետեւ թե Արաբո ջոկատի, թե մյուս ջոկատների տղաները ուժ տվեցին բոլորին: Մենք պետք է կարողնանք մեր մեջ ուժ գտնել, մեր բանակն ավելի մարտունակ դարձնել, որ հետագայում նման բաներ չլինեն: Այդ տղաները, որոնք անձնուրաց, կյանքի գնով կանգնեցին մինչեւ իրենց արյան վերջին կաթիլը, նրանք անհետ կորած չեն, նրանք մեր սրտերում են, մեր հետ են, մեր կյանքն են, մեր ապագան են, մեր շունչն են: Տարիների ընթացքում հիշելով նրանց, մենք ավելի ենք ոգեւորվում»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Նա դիմեց անհետ կորածների հարազատներին՝ ասելով. «Դուք միշտ սպասումների մեջ եք: Չկան տղաների շիրիմները եւ մինչեւ ձեր կյանքի վերջը սպասողական վիճակում կլինեք: Դուք մխիթարվեք մեր բանակով, մեր ժողովրդով, մեր ազատամարտիկներով, որ կարողացանք դարավերջին տանել իրոք մեծ հաղթանակ, որի հիմքում նաեւ անհետ կորած ազատամարտիկներն էին»:

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Եռաբլուր պանթեոնում էին արցախյան պատերազմում անհետ կորած ազատամարտիկների հարազատները, Երկրապահ կամավորական միության  անդամներն ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Արդեն 19 տարի շարունակ այս օրը նրանք հարգանքի տուրք են մատուցում այն զինվորների հիշատակին, ովքեր չվերադարձան պատերազմից: