Մենք կառուցում ենք արդիական, իրավական մտքի զարգացման այս հանգրվանին եւ մեր հասարակական պահանջներին լիարժեք բավարարելուն միտված, ակտիվ դատախազություն՝ հիմնված ֆունկցիոնալ անկախության ու չեզոքության, հանրային հաշվետվողականության կոնցեպտների վրա:
Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նշենք, որ հանդիսավոր նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նա, մասնավորապես, նշել է.
«Վերափոխվելու եւ վերափոխելու հաստատակամությունը, նշածս ոլորտներում մեր արձանագրած հաջողությունները, որոնք դատախազության վարկի, հեղինակության եւ վստահելիության հիմնական կռվաններից են, թույլ են տալիս պարզ աչքերով եւ ինքնավստահությամբ նայելու ապագային, գտնվելու հանրային լայն վերահսկողության խոշորացույցի տակ, սխալներից հետեւություններ անելու եւ կրելու լիարժեք իրավական, բարոյական պատասխանատվություն ինչպես մեր պարտականությունների կատարման, այնպես էլ մեր նյութական ու գույքային վիճակի, մեր եւ մեր ընտանիքների անդամների կենցաղավարման, վարքագծի, հարաբերությունների համար:
Մենք չենք երկնչում հասարակության առջեւ լինել բաց եւ անկեղծ եւ անմասն չմնալ դատաիրավական համակարգում տեղի ունեցող ֆունդամենտալ փոփոխություններից:
Վստահ եմ՝ դատախազության, դատախազների կերպարի առումով հանրային որոշակի կարծրատիպերի պահպանման պատճառները, եղած օբյեկտիվ խնդիրներից բացի, պայմանավորվել են նաեւ մեր՝ դատախազներիս եւ ընդհանուր առմամբ դատախազական համակարգի իրական մոտիվացիաները, ձգտումներն ու նպատակները բավարար չափով հանրայնացնելուն, հասարակության հետ անմիջական երկխոսությամբ անկեղծորեն ի ցույց դնելուն միտված ջանքերի պակասով:
Մենք քանդելու ենք այդ կարծրատիպերը, ավելի ականջալուր ենք դառնալու 21-րդ դարում տեղեկատվությամբ զինված եւ իրավագիտակցության աննախադեպ թռիչք ապրող մեր հանրության մեծացող պահանջներին: Մեր գործունեության փիլիսոփայությունը կառուցում ենք մարդակենտրոնության եւ մարդասիրության ժողովրդավարական եւ քրիստոնեական մեծագույն գաղափարների վրա:
Դատախազի կոչումը պրոֆեսիոնալ, պատասխանատու, բարեխիղճ, բայց եւ հաստատակամ, հիմնավորված որոշումներ կայացնելու եւ գործադրելու ունակություններով օժտված պետական ծառայող լինելն է: Անհատ, ով գիտակցում է այս աշխատանքի պատասխանատվության ու ծանրաբեռնվածության աստիճանը, իր կոչմանն ու աշխատանքին վերաբերվում է իբրեւ առաքելության: Անհատ, ով պետության ու պետականության կրողը լինելու գիտակցումն արտահայտում է ոչ թե կենցային հայրենասիրության ճառերով, այլ իր կողմից հեղինակվող դատավարական յուրաքանչյուր փաստաղթղթի յուրաքանչյուր տողի ու բառի, այդ փաստաթղթերի տակ դրվող ստորագրությունների մեջ պետության եւ քաղաքացու շահը տեսնելով ու համադրելով: Անհատ, ով սեփական երկրի քաղաքացուն, մարդուն վերաբերվում է ընդգծված ակնածանքով ու պատկառանքով՝ պարզ, բայց եւ արժանապատիվ դիրքերից: Այսօր մեր ներքին ֆիլտրերի գործադրմամբ ձգտում ենք հենց այս չափորոշիներին համապատասխանող կադրերով համալրվել՝ ունենալով հենց այսպիսի դատախազների հանրույթի տեսլականը՝ ի շահ մեր պետության, մեր ժողովրդի եւ մեր համակարգի լուսավոր ապագայի:
Ուստի, սիրելի գործընկերներ, ցանկանում եմ, որ պատիվ համարելով մեր հայրենիքին ու ժողովրդին ծառայելը, մասնագիտական ու պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ կատարումը, մեր գործի արդյունքներից գոհունակության, բավարարվածության զգացումներ ունենանք նույնքան, որքան մեր հասարակությունը՝ արժանի լինելով մեր 101-ամյա պատմությանն ու Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի կոչմանը»:











