Պարգեւատրումն իմ աշխատանքի գնահատականն է եւ անկախ նրանից, թե ինչ գործով եմ ես ներգրավված եղել, բոլոր գործերով ես աշխատում եմ իմ պարտականությունները պատշաճ կատարել: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, դատախազության օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող  դատախազներից է։

Դիտարկմանը, որ գուցե իրեն պարգեւատրելը կապ ունի նրա հետ, որ ինքը Քոչարյանի գործով դատախազներից է, նա արձագանքեց. «Ամենեւին պետք չի փորձել այդ գործի հետ որեւէ կապ տեսնել»:

Նշենք, որ այսօր Դատախազության օրվան նվիրված միջոցառման ժամանակ վարչապետի և ԱԺ նախագահի կողմից պարգևատրվեցին դատախազության մի խումբ ծառայողներ։ Ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալագրով պարգևատրվեց  ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը։