ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 1-ին, Դատախազության աշխատողի օրվա առթիվ, «Մարտական զորակցության» մեդալով պարգեւատրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում անձնական մեծ ավանդ ներդնելու համար, ինչպես նաեւ ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ պարգեւատրել «Մարտական զորակցություն» մեդալով ՀՀ գլխավոր դատախազ, Արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին»,-ասված է ոստիկանապետի հրամանում:
Իր խոսքում Օսիպյանը նշեց. «Անհնար է թերագնահատել դատախազության դերն ու նշանակությունը ՀՀ իրավապահ համակարգում: Դատախազության մարմինները Ձեր ղեկավարությամբ եւծառայալիցների պրոֆեսիոնալ աշխատանքով ամեն օր են ապահովում օրինականության, օրենքի գերակայության ամրապնդումը մեր երկրում»:
Նա համոզմունք հայտնեց, որ ոստիկանության եւ դատախազության համագործակցությունը կխորանա, կընդլայնվի հանուն օրինականության, արդարության եւ Հայաստանի:
Բացի այդ, Օսիպյանի հրամաններով, դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների:











