Ամռան գալով Երեւանում ակտիվացել են ճանապարհային աշխատանքները։

Ինչպես քանիցս գրել է NEWS.am-ը, ցավով պետք է փաստել, որ չնայած իշխանությունը երկրում փոխվել է, փոխվել է նաեւ քաղաքապետը, բայց վատ ավանդույթները շարունակվում են եւ բարգավաճում։

Մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի հանդեպ թքողական վերաբերմունքի հերթական օրինակն են նորոգման աշխատանքները Երեւանի հիմնական զարկերակներից մեկում՝ Արշակունյաց պողոտայում։ Մոտավորապես մեկ շաբաթ առաջ պողոտայի մի զգալի հատվածում հանվեց ասֆալտի ծածկը՝ նոր ասֆալտ փռելու նպատակով։ Ավելորդ է ասել, որ նորոգման աշխատանքների կատարման վայրը չի պատնեշվել ժապավեններով, նշաններ չեն տեղադրվել։ Այնինչ, Արշակունյաց պողոտայում  առավելագույն թույլատրելի արագությունը 70կմ/ժամն է, ինչը բնավ չի ենթադրում անվտանգ ծայրահեղ արգելակում։ Գիշերային ժամերին եւ թույլ լուսավորության պայմաններում վտանգը կրկնապատկվում է։

Անհասկանալի պատճառով նորոգող կազմակերպությունը նախընտրում է աշխատանքները վարել կեսօրից հետո։ Այսինքն՝ առաոտյան հովին աշխատողները չեն երեւում։ Իսկ երեկոյան «պիկ» ժամերին մոտ աշխատանքը եռում է։ Որպես հետեւանք՝ կիլոմետրանոց խցանումներ, ուժասպառ վարորդներ, հյուծված ուղեւորներ։

Անխելամտության ռեկորդ սահմանեցին այսօրվա գործողությունները։ Ի թիվս այլոց՝ գումարվեցին հենց նույն տեղում՝ ճանապարհին եփվող ասֆալտի բույրերը։  Բազմաժամյա խցանման մեջ մնացած մարդիկ ստիպված էին նստած մնալ շիկացած ավտոմեքենաներում՝ շնչելով ասֆալտի բույրը։ Ինչպես եւ Արշակունյաց պողոտայի տների բնակիչները։