Հարկային փաթեթ արտահայտությունից հետո ես չափազանց հուզվեցի: Այս փաթեթը ոչինչ չի տալիս: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հեգնանքով նշեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նա հարկային փոփոխությունները համեմատեց Փաշինյան-Ալիեւ Դուշանբեում տեղի ունեցած հանդիպման հետ՝ նշելով. «Վերելակում հանդիպեցին, ասաց՝ որպեսզի ես նախորդից լավը երեւամ, արի դու մի կրակի: Հակառակորդն էլ ասաց՝ չեմ կրակի, չնայած իր գործերն արեց: Նման մոտեցումը նստած է ոչնչի չտիրապետողների մոտ: Ասում են նվազեցնում ենք եկամտային հարկը 23 տոկոսի, որից հետո կիջնի 20 տոկոսի: Շատերը կմտածեն դա լավ է, հետաքրքիր է, բայց արի ու տես, որ ճնշող մեծամասնությունը՝ մինչեւ 150 հազար դրամ ստացողների համար ոչինչ չի փոխվում: Փոխվելու է համեմատաբար բարձր եկամուտ ունեցողների համար: Սա լիրիկական մոտեցում է, չիմացության արդյունք»:
Բոստանջյանը հավելեց, որ պետք է այնպես անել, որ պարտավորություն կրող տնտեսվարողը պարտավորությունների տակ չզոհվի. «Տնտեսական ազատ մրցակցության բացակայության պայմաններում որոշ տնտեսվարողներ չեն կատարել իրենց հարկային պարտավորությունները, մյուսներն էլ կրում են ոչ արդարացի հարկային բեռ»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ վերջերս փոքր ու միջին բիզնեսի շրջանում հարցումներ են արվել եւ նրանց 50 տոկոսն ասել է, որ միայն ուտելիքի ու հագուստի համար է բավականացնում վաստակած գումարը. «Ըստ էության, դա գործարարություն չէ, գոյատեւելու խնդիր է»:











