Ներդրումները տնտեսության մեջ ամենաբարդ գործընթացն են, այստեղ ռիսկերը չափազանց մեծ են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսոց, ներդրումների ոլորտում կա ժամանակային լագ, ներդրողը ֆինանսներ է դնում որոշակի ժամանակ հետո շահույթի ակնկալիքով. «Եթե նա հասկանում է, որ այդպիսի ակնկալիք չի կարող ունենալ, որեւէ մեկը ներդրումային գործունեությամբ չի զբաղվի: Ներդրումների համար իրավական, ինստիտուցիոնալ, կուռ ու անհողդողդ հիմքեր են պետք, որոնք չեն տատանվում: Դրան պետք է գումարվեն ընդգծված պետական, օրենքով սահմանված երաշխիքները: Մեր հայ մարդը վախվորած է ներդրումային գործունեություն իրականացնելիս, օտար մարդը գալու է էստեղ ներդո՞ւմ անի»,-ասաց Բոստանջյանը:
Նա նկատեց, որ օրինակ, 2018-ի առաջին եռամսյակում 95 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են եղել, իսկ 2019-ի առաջին եռամսյակում՝ 34,4 մլն դոլարի. «Գրեթե երեք անգամ պակաս է, այսինքն այս ոլորտում ընդգծված նահանջ ենք ունեցել:
Հուզիչ, հեղափոխական հյտարարություններով, թե եկեք հարստացեք ու հարստացրեք, ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է: Ասում են՝ բռնելու ենք, բաց չենք թողնելու»,-հավելեց տնտեսագետը:
Իր հերթին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Ռամիկ Մարտիրոսյանն ասաց, որ ճիշտ չէ ամբողջ ուշադրությունը սեւեռել դրսի ներդրումների վրա. «Երբ մենք սկսենք մեր երկրում ներդրումներ անել, այդ դեպքում դրսից էլ անպայման կգան ներդրումներ: Եթե մենք չունենք մեխանիզմները, որ կուտակենք միջոցները եւ ներդրումներ անենք, ապա ոչինչ չի ստացվի: Մեծ ներդրումների համար պետք է ունենանք մեծ գաղափարներ, մասշտաբային գաղափարներ, որ կարողանանք առաջ շարժվել: Այսօրվա խնդիրը մեծ-մեծ գաղափարներն են, հասկանալ համաշխարհային միտումները եւ մտնել նրանց հաճախականության մեջ»,-ասաց նա:











