Հանրապետականը չի նահանջել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը ։

«Հանրապետականը չի նահանջել, քաղաքական գործունեությունը նույն կերպ շարունակվում է, ես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ եմ»,– ասաց նա։

Բացի դրանից Ավագյանն այժմ զբաղվում է բժշկությամբ, առողջապահական ծրագրերով եւ դասվանդում է ԵՊԲՀ-ում։

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետ կապված սկանդալների մասով Ավագյանը հրաժարվեց խոսել՝ նշելով, որ իր դիրքորոշումը հայտնել է հայտարարություններով։

«Կարծում եմ՝ սա տեղը չի պատասխանելու։ Ես մեկնաբանելու բան չունեմ։ Դուք խանգարում եք ինձ։ Բոլոր հայտարարությունները դուք կարդացել եք, ախր անիմաստ հարցերին հիմա ինչի՞ ենք պատասխանում»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին խոշոր չափերով փողերի լվացման ու յուրացման մեղադրանք էր առաջադրվել։

Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենը, 2010 թվականից զբաղեցնելով այդ պաշտոնը, 2013 թվականի ապրիլի 29-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամից հափշտակել ու յուրացրել է խոշոր չափերի գումար: