ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր եղբոր որդու՝ Սեդրակ Օսիպյանի կատարած սպանությունը «սարքել է» քաղաքացի Սմբուլ Հովհաննիսյանի որդու գլխին, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այդ ամենին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ պատմեց Սմբուլ Հովհաննիսյանը։

«Վալերի Օսիպյանի եղբոր որդին նարկաման է։ 4 անգամ էլ մարդ է դանակահարել։ Մոտս բոլոր ապացույցները կա։ Սրանք էլ, որ նստում են մեկը մյուսի հետ կերուխում են անում, էլ ինձ հաշվի՞ կառնեն որպես հասարակ քաղաքացի»,- ասաց քաղաքացին։

Նա պատմեց, որ մի քանի անգամ փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, սակայն իրեն չի ընդունել. «Բայց ես իմ ապացույցները տվել եմ վարչապետին, ԱԱԾ-ին, ՔԿ-ին, Գլխավոր դատախազությանը: Բոլորն էլ ունեն իմ տված բոլոր ապացույցները:  Վարչապետն ինձ Գլխավոր դատախազության դիմաց տեսավ, ես իրեն մոտեցա, ինքն ասաց՝ ես ամեն ինչից տեղյակ եմ: Եթե դու ամեն ինչից տեղյակ ես, բերում հանցագործին գեներալի կոչո՞ւմ ես տալիս»։

Նա պատմեց, որ Վալերի Օսիպյանն առաջարկել է իրեն, որ իր որդին մեղքն իր վրա վերցնի, սակայն ինքը չի համաձայնել. «Թող քո որդին վիզ վերցնի, որ ինքն ա արել, ես չհամաձայնեցի: Ինքն ինձանից վրեժ ա լուծում։ Մեծ որդուս կանչեց տարավ իր վարչական շենքը ու առաջարկեց, որ եղբորը համոզի՝ վիզ վերցնի, տղես չի համաձայնել»։

Ոստիկանները փորձեցին կնոջը հեռացնել Կառավարության շենքի դիմացից, սակայն նա դիմադրում էր, այնուհետև նրա ինքնազգացողությունը վատացավ։ Այնուհետև մի քանի կին ոստիկան մոտեցան քաղաքացուն, ցույց տվեցին բժշկական առաջին օգնություն։

Հիշեցնենք, որ 5 տարի առաջ, Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանություն հետեւանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից: Դեպքից հետո, Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդ տարիներին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է գործարքի գնալ եւ իր որդու (ով ներկա է եղել վիճաբանությանը) ուսերին բարդել դանակահարությունը։

Վալերի Օսիպյանը, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո երկրի ոստիկանապետ նշանակեց, առայսօր հերքում է այս պնդումները:

2014-ին Սմբուլ Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո Օսիպյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, բայց Հատուկ քննչական ծառայությունը կարճեց այն՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Տարիներ առաջ գործով տուժող ճանաչված դանակահարված Վանուշ Ալեքսանյանն ու նրա եղբայրը՝ Վիգեն Ալեքսանյանը գործի վերաբացումից հետո արդեն մեղադրյալի կագավիճակ ունեն: