ՀՀ քաղաքացիները հյնարավորություն չեն ունեցել ազատ, արդար քվեարկության միջոցով ընդունելու Սահմանադրություն. այսօր այդ հնարավորությունը կա: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով նման հայտարարություն արեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Եթե մենք այսօր սահմանադրական հանրաքվե կազմակերպենք, ես վստահ եմ, այն կընդունվի առանց կեղծիքների, հետեւաբար կլինի ժողովրդի կողմից ընդունված առաջին Սահմանադրությունը Երրորդ Հանրապետության պատմության մեջ: Այս շանսը մենք ունենք, սակայն այն չի օգտագործվել եւ չկա տեսլական սրա հետ կապված»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով, 2015 թ. սահմանադրական փոփոխություններն արվել են նրա համար, որ ավելի ժողովրդավարական կառավարման համակարգ ունենանք, այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգ. «Սակայն այդ փոփոխություններով սուպերվարչապետական համակարգ է ստեղծվել: Խորհրդարանական համակարգ չկա, ու մենք չենք անցել խորհրդարանական համակարգի: Թղթերով կարող է՝ ինչ-որ բա կա, բայց իրական խորհրդարանական կառավարման համակարգի մենք չենք անցել:

Հիմա կան քննարկումներ, մարդիկ ասում են՝ խորհրդարանական կառավարման համակարգը լավը չի, դարձյալ վերադառնանք նախագահական համակարգին: Հարց է առաջանում՝ էդ ե՞րբ ենք անցել խորհրդարանական կառավարման, որ հիմա վատն է այդ համակարգը:

Այսօրվա համակարգը որ կա, խորհրդարանը իբր ընտրում է վարչապետին, դրանից հետո ձեռքերը լվանում է ու որեւէ բանի խառնվելու իրավունք չունի. ոչ նախարարներն են հաստատվում, ոչ ուժային մարմինների ղեկավարներն են հաստատվում խորհրդարանում, ավելին՝ ուժայինների ղեկավարներն, առհասարակ, հաշվետու չեն խորհրդարանին»,-հայտարարեց Մարուքյանը:

Նրա խոսքով, սահմանադրական փոփոխություններ, այո պետք են, բայց պետք են ամբողջական խորհրդարանական կառավարման անցնելու համար. «Կամ էլ պետք է այն օրենքները, որոնք ընդունվել են 2-3 ամսվա մեջ Սերժ Սարգսյանի իշխանության համար, դրանք հետ փոխենք:

Հիմա խնդիրն այն է, որ մենք բերում ենք այդ օրենքները ու հետ փոխենք, իշխանությունը մերժում է, ասում է՝ մենք լեգիտիմ ենք, կարիք չկա օրենքները փոխել, այն ժամանակ դրա կարիքը կար, հիմա չկա: Դրան էլ գումարած որոշ մարդիկ լոբբինգ են անում, որ ընդհանրապես անցնենք նախագահական համակարգի»,-ընդգծեց Մարուքյանը: