Գործող Սահմանադրության մեջ ՏԻՄ-ին վերաբերող գլուխը պահպանել է 1995 թվականի Սահմանադրության տրամաբանությունը՝ որքան թույլ համայնք, այնքան կենտրոնական իշխանությունը կարող է տիրել այդ համայնքներին: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով նման հայտարարություն արեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Մեկ կամ երկու միլիոն բյուջեներով այս գյուղերը կախված են կենտրոնական իշխանությունից, եւ ընտրությունների ժամանակ կեղծիքներ են անում, որ պահպանեն իրենց տեղերը: Կա մարզպետ, որին ենթարկվում են բոլոր մարզային հիմնարկները ու ընտրությունների ժամանակ, երբ մարզպետը լինում է ինչ-որ կուսակցությունից, նա ընտրությունների ժամանակ հավաքում է 15-20 հազար ձայն: Մինչդեռ սովարական պայմաններում նրանք 300 ձայն հավաքող տղերք են»,-հայտարարեց Մարուքյանը:

Նրա խոսքով, Հայաստանը չի կարող զարգանալ, եթե չունի զարգացող համայնքներ. «Համայնքները չեն կարող զարգանալ, քանի դեռ այսօրվա մարզպետական համակարգը դրված է տարածքային կառավարման մակարդակում: Հիմա էլ բերել են օրենք, որով ամրապնդում են մարզպետների իշխանությունը, փոխանակ համայնքների դիրքերը ամրապնդեն: Դա շարունակվում է հետհեղափոխական Հայաստանում»,-ընդգծեց մարուքյանը: