Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Վիետնամում,  Սահմանադրության օրը շնորհավորել է ֆեյսբուքյան էջում և մեջբերել Մայր օրենքի առաջին 2 հոդվածները. «Այս հոդվածներում տեղ գտած դրույթների մի մասն արդեն իրականություն է Հայաստանում, մյուս մասը քայլ առ քայլ դառնում է իրականություն: Մտքով, աշխատանքով եւ դուխով»,- գրել է Փաշինյանը։ 

Վարչապետն օրը սկսեց Վիետնամի անկախության համար զոհված հերոսների հուշահամալիր այցելությամբ։ Ծաղկեպսակ դրեց նաև Վիետնամի Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարանին։ Տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ Փաշինյանն այցելեց նաև Հանոյի գրականության տաճար։ 

Ի դեպ՝ Աննա Հակոբյանն այս այցի ընթացքում կրում էր հայկական բրենդի կոստյում, ինչի մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

Կեսօրից հետո Փաշինյանին ու նրա տիկնոջը հանդիսավոր ընդունելությամբ իր նստավայրում դիմավորեց Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքը։ 

Ավելի ուշ, Փաշինյանը «Ֆեյսբուքում» գրառում արեց, տեղեկացնելով. «Գործնական և արդյունավետ հանդիպում ունեցա Վիետնամի վարչապետի հետ»։ 

Առանձնազրույցին հաջորդեց Հայաստանի պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումը Վիետնամի կառավարության ներկայացուցիչների հետ։ Երեկոյան Փաշինյանի ու նրա տիկնոջ պատվին վարչապետի նստավայրում պաշտոնական ընթրիք տրվեց։

Փաշինյանն այսօր նաև հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, անդրադարձել ԵՏՄ շրջանակում փոխգործակցության հրատապ հարցերին, այդ թվում՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքներին։ Փաշինյանը Վիետնամում կմնա ևս երկու օր, ապա կմեկնի Սինգապուր։ 

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի վերնախավի և մի քանի հարյուր անդամների հետ այսօր այցելել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան։ Երիտասարդ հանրապետականները դամբարանի մուտքի մոտ երրորդ նախագահին դիմավորեցին Հայաստանի և ՀՀԿ-ի դրոշներով։ Երիտասարդները շփվում էին երրորդ նախագահի հետ, սելֆիներ անում։

Շրջայցից հետո խումբն ուղևորվեց միջնադարյան Տեղեր վանական համալիր։ Այստեղ Սերժ Սարգսյանը կարճ պատասխանեց լրագրողների հարցերին, և կոչ արեց բոլորին ամեն կերպ պաշտպանել Սահմանադրությունը։ 

Հանրապետականները դրանից հետո սեղան նստեցին «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում և նշեցին Սահմանադրության օրը։ Կամաց-կամաց կենացները քաղցրացան, թեժ պարերով հատկապես աչքի ընկան Էդուարդ Շարմազանովն ու Մարգարիտ Եսայանը։ 

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուժային կառույցներին հանձնել է նոր կոչումները՝ Արթուր Վանեցյանին և Վալերի Օսիպյանին՝ գեներալ-մայոր,  Արթուր Դավթյանին, Հայկ Գրիգորյանին և Սասուն Խաչատրյանին՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Ավելի ուշ նորաթուխ գերենալները կիսվեցին իրենց զգացողություններով։ 

Մինչ նախագահականում ընթանում էր պարգևատրումների արարողությունը, Բաղրամյան 26–ի ուղղությամ երթով շարժվում էին  «AntiFake» շարժման եւ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության անդամները։ Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական կարգը պահպանելու փոխարեն՝ ոչ միայն աչք է փակում տարբեր պաշտոնյաների կողմից Սահմանադրության խախտման դեպքերի վրա, այլև անձամբ է խախտում Մայր օրենքը։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մտնել նախագահականի բակ՝ պատճառաբանելով որ ներսում արարողություն է ընթանում։ Ի պատասխան այս արգելքի՝ ակցիայի մասնակիցները հերթով պայթեցրին իրենց հետ բերած փուչիկները, որոնց վրա պատկերված էին Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Վալերի Օսիպյանը, Արարատ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Վահե Գրիգորյանը։ 

Նախագահ Արմեն Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիք, ի դեպ՝ ուղղաթիռով։ Նախագահի օրակարգը հագեցած է՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտի, առողջապահական-մշակութային հաստատություններ, արտադրական ընկերություններ։ Արմեն Սարգսյանն այցելել է մարտական դիրքեր, զինծառայողներին շնորհավորել Սահմանադրության օրվա առնչությամբ։

Գորիսում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Մահացել է 20-ամյա հղի կին։ Կնոջը մահացած գտել է հարևանը և ահազանգել շտապօգնություն։ Մահացածը 2 տարեկան երեխայի մայր էր։ Հարևանը լսել էր երեխայի լացի ձայնը, և բնակարան մտնելով՝ կնոջը գտել մահացած։ Դեպքի ժամանակ ընտանիքի անդամներից ոչ ոք տանը չի եղել։

Եվս մեկ ողբերգական դեպք՝ Երևանում։ 25-ամյա կնոջ դին գտել են լոգարանում։ Նախնական տվյալով՝ պատճառը շմոլ գազից թունավորումն է եղել։ Ուշագրավ է, որ տունը, որտեղ գտել են աղջկան, պատկանում է ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանին, որը ոստիկանության Նոր Նորքի բաժնի նախկին պետն է, և Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եղբայրը։

Առավոտյան մամուլում տարածվեցին լուրեր, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում կովերի անկում կա և պատճառը Սևանա լճի ջուրն է.  կենդանիները խմել են ջրից, ուռել ու սատկել: NEWS.am-ի հետ զրույցում Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ասաց՝ դեռ վաղ է ասել՝ Սևանի ջուրն է պատճառը, թե ոչ։ Նախնական վարկածով, դա խոնավ պայմաններում աճող, առվույտազգիների խոտերն ուտելու հետեւանք է եղել։ Կենդանիները սատկելուց առաջ ուռած են եղել։ Այս պահին Վարդենիսի տարածաշրջանում 4 սպանդի ենթարկած կով կա, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ 8։ Անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել է։ 

Հանրապետությունում հուլիսի 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ, հնարավոր է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով։ Երեւանում նույնպես սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան ջերմություն: