Երեւանի ընդհանուր իրվասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 8–ին շարունակվեց Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» գործով հերթական դատական նիստը։ Այսօրվա նիստին շարունակվեց գործով տուժող Արման Մկրտումյանի հարցաքննությունը։
Բարսեղ Բեգլարյանը տուժողից հետաքրքրվեց, թե ո՞վ է իրեն ընդունել աշխատանքի։
Մկրտումյանը պատասխանեց՝ «Ֆլեշ Մոտորս» ընկերության տնօրենը։ Հարցին, ո՞վ է իրեն ընդունել աշխատանքի, տուժողը պատասխանեց՝ Մամիկոն Հովհաննիսյանը։
Ի պատասխան՝ Բարսեղ Բեգլարյանը վրդովված պատասխանեց՝ «Սուրեն Մխիթարյանը չի՞ ընդունել»։ Տուժողը պատասխանեց՝ ոչ։
Այնուհետեւ ամբաստանյալ Բեգլարյանը տուժողից հետաքրքրվեց, թե արդյոք 2012թ–ից աշխատելով «Ֆլեշ Մոտորս»–ում, մինչեւ չարաշահումների դեպքը ճանաչե՞լ է իրեն։
Արման Մկրտումյանը հայտարարեց, որ Սուրեն Մխիթարյանն իրեն տարել եւ Բարսեղ Բեգլարյանի աշխատասենյակում ներկայացրել է Բեգլարյանին։
«Բացարձակ սուտ է»,–արձագանքեց Բարսեղ Բեգլարյանը։
Տուժողի խոսքով՝ Բարսեղ Բեգլարյանի հետ բոլոր հարցերը լուծվել են Սուրեն Մխիթարյանի միջոցով։
Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։











