ՀՀԿ-ականները ԱԺ կանոնակարգն այնպես են գրել, որ միշտ քաղաքական մեծամասնությունը վերջում խոսի, բայց դա սխալ է, պետք է փոքրամասնությունը խոսի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին՝ նշելով. «Եթե ուզում եք պատասխանել ինձ կամ անդրադառնալ, գոնե փաստարկներով անդրադարձեք, կամ ձեր այդ երկու րոպեն նվիրեիք, հիմնավորեիք, թե այդ մարմինն ինչու է առանձնանում (խոսքը ՄԻԵԴ-ում ներկայացուցչի մասին է): Հիմնավորեք, թե ինչու է անարդյունավետ աշխատել, եւ ինչու այսպես արդյունավետ կաշխատի:

Մեր հարեւան Իրանը ոնց որ թե իր պայմանավորվածությունները ԵՄ-ի հետ սկսում է փոխել, ԱՄՆ-ը դուրս է եկել այդ գործարքից: Տարածաշրջանը լարված է, Վրաստանում տեսնում եք՝ ինչ է կատարվում, Ադրբեջանը ամեն օր պատրաստվում է հարձակվի մեզ վրա: Մի հատ մեր խորհրդարանի քննարկումներին նայեք: Այս պառլամենտն ադեկվա՞տ է այս վիճակին»,-հայտարարեց Մարուքյանը:

Նա դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ նշելով. «Դուք որոշում չունե՞ք, որ սա ձեր բերած օրենքն է: Եթե ձեր օրենքն է ինչո՞ւ են ձեր պատգամավորները դեմ»: Այդ պահին տեղից որոշ պատգամավորներ սկսեցին արձագանքել, ինչին Մարուքյանն ասաց. «Սկսեցիք ջղայնանա՞լ: Մի ջղայնացեք: Պարոն Սիմիդյան, ինչի եք տեղից խոսում: Ասում եք՝ ամեն ինչից բողոքում եք: Բա որ մենք ամեն ինչից բողոքենք, ձեր հալն ի՞նչ կլինի: Ես հարց եմ տալիս՝ այս ամեն ինչը որ կա, ադեկվա՞տ է տարածաշրջանում եղած իրողություններին եւ մեր խնդիրներին: Ի՞նչ եք ուզում պարոն Ռուբինյան, կթողնե՞ք խոսել: Չեք թողնում խոսեմ: Ես հայտարարում եմ, որ քաղաքական մեծամասնությունը խանգարում է երրորդ խմբակցության ղեկավարի ելույթին: Ես գնացի»,-ընդգծեց Մարուքյանն ու կիսատ թողնելով ելույթը իջավ ամբիոնից:

Դահլիճում դա ծիծաղ առաջացրեց: