Բեռլինում Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի հետ հանդիպման ժամանակ պաշտոնական արարողության ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հրապարակված կադրերում երեւում է՝ ինչպես են Մերկելն ու Ռիննեն լսում օրհներգերը։ Մերկելը կրկին ցնցվել է, սակայն չի շարժվել տեղից։ Ֆինլանդիայի վարչապետը որեւէ կերպ չի արձագանքել։
Ավելի ուշ Մերկելը լրագրողներին հայտնել է, որ իրեն լավ է զգում եւ անհանգստանալու ոչինչ չկա։
Այս ամիս նման արդեն երրորդ դեպքն է։ Հունիսին Մերկելը ցնցվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման պաշտոնական արարողության ժամանակ։ Մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը հայտնել էր, որ ջրազրկվել է՝ հավելելով, որ մի քանի բաժակ ջուր է խմել եւ իրեն լավ է զգում։
Մի քանի օր անց նման դեպք էր տեղի ունեցել նաեւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ։ Այդ ժամանակ կանցլերին մեկ բաժակ ջուր էին առաջարկել, որից նա հրաժարվել էր։











