Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողությունները սկսվել եւ իրականացվել են առանց նրա գիտության, մինչդեռ օրենսդրության պահանջն է առնվազն մեկ օր առաջ խուզարկության մասին իրազեկել դատավորին եւ ԲԴԽ–ին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Հուլիսի 16–ին, ժամը 14:00–ի սահմաններում նրա աշխատասենյակ է ներկայացել Հատուկ քննչական ծառայության քննիչ Խորեն Մեջլումյանը եւ առգրավում կատարելու որոշման հիման վրա փորձել է կատարել համապատասխան քննչական գործողություններ։ Քննիչն արգելել է դատավորի մասնակցությունը քննչական գործողությանը։ Այդ գործողությանը քննիչը մասնակից է դարձրել տվյալ դատարանի մեկ այլ աշխատակցի, առգրավել են դատավորի եւ նրա աշխատակազմում առկա համակարգիչները, որից հետո կնքել դատավորի աշխատասենյակի դուռը»,–ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ դատավորի աշխատասենյակը կնքելը լուրջ իրավական հետեւանքներ է առաջացրել.
«Առանց դատարանի որոշման կնքվել է դատավորի աշխատասենյակի դուռը, կնիքը ստուգելու նպատակով աշխատասենյակի դռան մոտ ոստիկան են կանգնեցրել, որը թույլ չի տվել դատավորին մտնել իր աշխատասենյակ եւ իրականացնել իր աշխատանքային գործունեությունը»։
Մելիքյանն ասաց, որ իրենք քննիչից պահանջել են դատարանի որոշումը, որը սակայն քննիչը չի ներկայացրել, ինչից հետո խուզորկություն է իրականացվել դատավորի աշխատասենյակում.
«Ոստիկանը պահանջել է դատավորից հեռանալ, մենք առարկել ենք, ներկայացրել ենք, որ աշխատասենյակի բանալին դատվորի մոտ է, եւ եթե օրենքի խախտմամբ պետք է խուզարկություն իրականացվի, ապա բանալին չեն տրամադրի։ Քննիչը կես ժամ հեռախոսով ինչ–որ մեկի հետ հարցը քննարկելուց հետո համաձայնեց, որ դատավորը ներկա գտնվի խուզարկության գործողությանը, սակայն փաստաբանին՝ ոչ։ Ընդ որում դատարանը թույլատրել է խուզարկություն իրականացնել դատավորի եւ նրա օգնականի աշխատասենյակում, սակայն քննիչը խուզարկություն է կատարել նաեւ գործավարի եւ նիստերի քարտուղարի աշխատասենյակում եւ ապօրինաբար այնտեղից կրիչներ առգրավել»,–հայտարարեց Մելիքյանը։
Փաստաբանը նշեց, որ իրենց խուզարկության հետ կապված դիմել են գլխավոր դատախազին՝ պահանջելով պարզաբանումներ տալ իրականացված գործողությունների վերաբերյալ։
Նշենք, որ փաստաբանը ոչ միայն վերաքննության կարգով բողոքարկել է խուզարկության որոշումը, այլեւ վիճարկել է խուզարկության, առգրավման գործողության ոչ իրավաչափությունը։ Բացի այդ փաստաբանը հաղորդում են ներկայացրել ոստիկանների եւ քննիչների դեմ՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը խախտելու վերաբերյալ։











