Ուշադիր հետեւում ենք բոլոր գործընթացներին, փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս բացառենք այդ ուղղությամբ զարգացումներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ փուլում է պայքարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած «դավադիր ուժերի» դեմ, որոնք կան Արցախում:

«Այս պահին այդ սպառնալիքը նվազագույնի է հասցված: Բանակը պատրաստ է իր առջեւ դրված պարտականությունը կատարել»,-ասաց նա:

Հարցին, թե ի վերջո, ովքեր են այդ դավադիրները, եւ արդյոք նրանց հայտնաբերելու ուղղությամբ քայլեր արվո՞ւմ են, նա կարճ արձագանքեց. «Ավելի չենք կարող ասել, քան հրապարակային ասվել է: Բնականաբար, անվտանգության կառույցները դրանով զբաղվում են»:

Դիտարկմանը, որ երբեք այսքան լարված չեն եղել Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ հարաբերությունները, ովքեր են լարվածություն մտցնում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Երեւան-Ստեփանակերտ հարաբերությունները գտնվում են բավական լավ վիճակում, որոշակի խնդիրներ եղել են, բայց դրանք արդեն անցյալում են: Շուտով Ստեփանակերտում լինելու են Համահայկական խաղերը եւ մենք եւս մեկ անգամ կարողանալու ենք ֆիքսել, որ այդ հարաբերությունները նորմալ վիճակում են»: