Տավուշի մարզի Արճիս համայնքում 10 օր առաջ տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել համայնքի բնակիչ, ֆերմեր Անի Սահակյանի այգու բերքը։ NEWS.am-ին Անի Սահակյանը պատմեց, որ ընտանիքը 1 միլիոն դրամից շատ վարկ է վերցրել. «Դեղձի այգիներ ունենք, խնձորենիներ, թզենիներ, խաղողի վազեր, վարունգ, պոմիդոր։ Դրանք ամբողջությամբ փչացել են, մի հատը չի մնացել»։

Նա պատմեց, որ կարկտային կայաններից մեկն իր այգու վրա է տեղադրված, սակայն կարկուտը եկել է և որեւէ կերպ չի օգնել. «Կարկուտը գալիս է, չի էլ կրակում։ Բերել են, տեղը զբաղեցրել են առանց օգուտի։ Ոչ արձագանք կա Գյուղատնտեսության նախարարությունից, ոչ էլ՝ մարզպետարանից»։

Անին պատմեց, որ համայնքում հաճախակի է կարկուտ տեղացել, սակայն այդ չափի եւ տեւողության չէր եղել. «Անցած անգամ եկավ կարկուտը, տան տանիքը պոկեց, լռեցինք, բայց այս անգամ արդեն չենք կարող։ Մի դեղձի վրա կարկուտի 5 տեղ կա։ 15-20 րոպե տեղացել է։ Ամբողջ բերքը հողին է հավասարեցրել, մենք ոչ մի բան չենք կարողացել հավաքել, փչացած բերքն էլ չենք կարող յուրացնել շուկայում»։

Ֆերմերն ասաց, որ իրենք պետության աջակցությանն են սպասում, դիմել են համայնքապետարան, եւ սպասում են արձագանքին. «Համայնքապետարան դիմել ենք, մեզ ասացին՝ անունները գրենք, որ օգնություն գա, սակայն մինչեւ այսօր ոչ մի լուր չկա։ Մեզ ոչ ձմեռվա ուտելիք մնաց, ոչ շուկայում յուրացնելու»։