«Սանիթեքի» տված ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին: Այս մասին այսօր` օգոստոսի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը` անդրադառնալով «Սանիթեք»-ի ասուլիսին:
«Երկար ժամանակ «Սանիթեք»-ն ասում էր, որ ասելու բան ունի, ասուլիս է հայտարարելու մեծ, ասելու է ամեն ինչ, բայց փաստացի չասեց ոչինչ: Ասեց, որ իրեն տրվող 5 միլիարդ 200 միլիոն դրամ գումարը պետք է ավելացնեն եւ ուրիշ ոչ մի բան: Ամիսներ շարունակ «Սանթիթեք»-ը տեռորի մեջ էր պահում հասարակությանը, որ ինքը ասելիք ունի քաղաքային իշխանության հետ կապված, ասաց օդում պայմանավորվածությունը Տարոն Մարգարյանի հետ կապված ու վերջ»,- ասաց ավագանու անդամը:
Անի Խաչատրյանի կարծիքով` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի պատասխանն էլ «Սանիթեքին», նրանց ասածների արձագանքն էր եւ ոչ մի խոսք չկար հետագա անելիքների մասին:
«Այսինքն, թե ինչպես պետք է աղբի հարցը լուծվի, դրա մասին ոչինչ: Սանիթեք – քաղաքապետ այս պատերազմում, այո, քաղաքապետը հաղթեց Սանիթեքին, որովհետեւ քաղաքապետը ինձ համար 2 կարեւոր բան ասաց, որ Սանիթեքին առաջարկվել է մասնակցել նոր մրցույթի, բայց Սանիթեքը հրաժարվել է դրանից, բայց Սանիթեքը միջազգային կազմակերպություն է, որը երկար տարիներ բիզնես պլան պետք է ունենար եւ այդ ամբողջը պետք է հաշվարկ արած ունենար եւ գնի մեջ ամբողջ այդ մոդելը պատկերացներ: Նաեւ ասաց, որ քաղաքը պետք է ունենար անվտանգության բարձիկ, որը մենք այս պահին ապահովում ենք, այո համաձայն եմ, բայց քաղաքապետի ստեղծած հիմնարկը բերած մեքենաներն ու աղբամանները խնդրին լուծում չեն տալու»,- ասաց նա:
Անի Խաչատրյանի խոսքով` քաղաքապետը պետք էր լուծարեր «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը եւ նոր, ավելի բարեխիղճ օպերատորի ներգրավվեր:











