Հայաստանում տեղի ունեցած նոր իրողությունները պետք է իրենց ազդեցությունը ունենան Սփյուռքի եւ Արցախի վրա: Այս մասին այսօր` օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համահայկական հանրահավաքին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս օրերին մենք բոլորս Արցախում հավաքվել ենք համահայկական խաղերի բացման առիթով: Ազգային-մարզական այս միջոցառումը սակայն մեզ առիթ տվեց կազմակերպելու այս հանրահավաքը, այս յուրօրինակ աշխարհաժողովը աշխարհի հայությանը մի չափազանց կարեւոր ուղերձ հղելու: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում հասկանալիորեն պետք է իր ազդեցությունը ունենա Սփյուռքի եւ Արցախի վրա եւ այսօր լայնորեն քննարկվում է այն հարցը, թե ինչպիսին պետք է լինի այդ ազդեցությունը: Այս հարցի օրգանական պատասխանը գտնելու համար նախ անհրաժեշտ է արձանագրել եւ գնահատել 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության էությունը, մենք այն անանում ենք ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Այդ անվան ոչ բռնի բառակապակցությունը արտահայտում է հեղափոխության գործիքակազմը` արձանագրելով, որ այն ինչպես եւ պլանավորվում էր, իրականացվել է առանց որեւէ բռնության: Թավշյա մակդիրը արտահայտում է նրա ընթացքը` արձանագրելով, որ այն ցնցումներ չի առաջացրել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի որեւէ ոլորտում սկսած բանկային համակարգից, ավարտած տնտեսությամբ եւ քաղաքականությամբ: ժողովրդական բառը հստակ գծագրում է հեղափոխությունն իրականացրած սուբյեկտին, այսինքն՝ ժողովրդին: Այստեղ, ահա, ծագում է մի հարց, իսկ ո՞ր ժողովրդի մասին է խոսքը, ո՞ր ժողովուրդն է, որ հանդես է եկել եւ հանդես է գալիս որպես հեղափոխությունն իրականացրած սուբյեկտ, որպես հեղափոխության շահառու: Արդյոք խոսքը կարող է միայն ՀՀ ժողովրդի մասին լինել եւ մյուս կողմից ո՞ւմ նկատի ունենք ՀՀ ժողովուրդ ասելով: Այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ Սահմանադրության նախաբանը,որն ի դեպ տեղի ունեցած 2 սահմանադրական փոփոխությունների ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Սահմանադրության նախաբանը արձանագրում է` հայ ժողովուրդը հիմք ընդունելով հայաստանյան անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակներրը իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը՝ նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, ընդունում է ՀՀ Սահմանադրությունը: Սա ընդամենը Սահմանադրական ձեւակերպում կամ նախադասություն չէ, այլ գիտակցություն է, եւ համոզված եմ, որ ակտիվ գիտակցության կարգավիճակում նստած է յուրաքանչյուր հայի մեջ»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով` 2018 թվականի հեղափոխությունը վերոնշյալի ապացույցը դարձավ, որովհետեւ հեղափոխությասն գործընթացը չսահմանափակվեց միայն Հայաստանի Հանրապետությամբ, այլ ծավալվում էր ամբողջ աշխարհով:
«Այն, որ հեղափոխության օրերին Արցախը կարողացավ կայուն պահել առաջնագիծը, աննկարագրելի զորություն տվեց Հայաստանին եւ հեղափոխությանը, քանի որ այդ օրերին սահմանին յուրաքանչյուր սադրանք կարող էր գլխիվայր շրջել Հայաստանում քաղաքական զարգացումների տրամաբանությունը եւ բերել անկանխատեսելի հետեւանքների: 2018 թվականին Արցախը կանգնեց Հայաստանի Հանրապետության թիկունքին` ամուր պահելով այդ թիկունքը եւ մեծ ուժ տալով այդ փոփոխության գործընթացներին, եւ ուզում եմ իմանաք, սիրելի արցախցինե,ր դա արժանի իրողություն է եւ կարող եմ լրաժեք ասել` հպարտ ենք ձեզանով սիրելի արցախցիներ, խոնարհվում ենք ձեր առաջ, սիրում ենք բոլորիդ»,- ասաց նա:











