Արցախը յուրահատուկ վայր է, ու Արցախում պետք է պարտադիր լինի կայունություն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Անցանկալի են Արցախում ցանկացած տիպի խժդժությունները, եւ Արցախի կայունությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա»,- նշեց նա։
«Ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, իմ պարտականությունները կատարելիս պարտադիր հաշվի եմ առնում այդ հանգամանքը, ու ընդհանուր առմամբ անվտանգային համակարգը կառուցելիս առաջնորդվում ենք այդ սկզբունքով, որ Արցախը պետք է լինի կայուն եւ ցանկացած խժդժություն անթույլատրելի է»։
Վանեցյանը մանրամասնեց նաեւ, թե ինչու էր երեկ բանակցում Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ․«Երեկ Արցախում հանրահավաքին ես հարկ համարեցի միջամտել, որ այդ խժդժությունները ավելի լուրջ հետեւանքներ չունենան: Փառք Աստծո, մեզ հաջողվեց կանխել այդ զարգացումները, քաղաքացիները լսեցին իմ հորդորը եւ շարունակեցին իրենց, այսպես ասած, բողոքի ակցիան»։
Նա շեշտեց՝ երեկվա հանրահավաքը պատմական է համարում․ «Իրականում այն թեզերը, որ հնչեցին այդ հանրահավաքի ընթացքում իրականում պատմական են, շեշտադրումները շատ կարեւոր էին մեր ողջ հայ ազգի պատմության համար»։
ԱԱԾ տնօրենը չի հերքում՝ երեկվա հանրահավաքը անվտանգության առումով ռիսկային էր․ «Բայց եթե մենք ուզում ենք անել մի բան, որը կզարմացնի ողջ աշխարհին, մենք պետք է դիմենք ռիսկերի։ Իհարկե, պետք է ռիսկերը գնահատենք ու անենք ամեն ինչ, որպեսզի այդ ռիսկերը լուրջ հետեւանքներ չունենան»։
Նա նաեւ նշեց, որ այդ հանգամանքից ելնելով ինքն անմիջական մասնակցություն է ունեցել համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքներին ու մինչեւ այս պահը ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է բացառվի օտարերկրյա ուժերի ներգործությունը հայաստանյան ներքաղաքական կյանքին՝ ԱԱԾ տնօրենը շեշտեց, որ առհասարակ օտարերկրյա տարբեր ուժեր փորձում են միջամտել այս կամ այն երկրի ներքին հարցերին․ «Ես չեմ կարող ձեզ մանրամասներ հայտնել, բայց եթե այդ միջամտությունների արդյունքում լինեին որեւէ հետեւանքներ, դրա մասին տեղյակ կլինեիք։ Մենք կարողացել ենք այնպես անել, որ ապահովենք Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու զերծ պահել ցանկացած օտարերկրյա ուժերի միջամտությունից»։











