Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հորդորում եմ ինձ հետ կազմակերպել քննարկում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով քաղհասրակության ներկայացուցիչների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին։
«Քաղհասարակության ներկայացուցիչներին կոչ եմ անում եւ հորդորում եմ՝ իմ հետ կազմակերպել քննարկում՝ բաց ֆորմատով, փակ ֆորմատով, ցանկացած ֆորմատով ու իրենց հուզող բոլոր հարցերը ուղիղ ուղղել ինձ։ Պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի»,- ասաց նա։
Վանցյանը հավաստիացրեց, որ բաց է շփման համար․ «Եթե քաղհասարակության ներկայացուցիչներն ունեն հարցեր, որոնք իրենց հուզում են, պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել, բայց ոչ թե՝ իրենք մի բան հրապարակեն, ես հերքեմ։ Եթե իրենք ուզում են ու իրոք մտահոգված են այն ամենով, ինչը բարձրաձայնում են, հորդորում եմ կազմակերպել բաց քննարկում, իսկ եթե ոչ, ուրեմն կփաստենք, որ հնչեցրած քննադատությունները ուղղակի ուղղորդված են այս կամ այն ուժի կողմից»։
Նա նշեց, թե չգիտի որ ուժերի կողմից են ուղղորդվում այդ անձինք ու չի ուզում ենթադրություններ անել․ «Ես ասացի այն, ինչ ասացի»։











