Երեւանում տիրող վիճակի մեղավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, նրանից պետք պահանջել, որ աղբը հավաքեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին «#bRightTalk՝ Դավիթ Խաժակյանի հետ» նոր ֆորմատով ֆեյսբուքյան հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանի խոսքով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը չի կարող ամեն ինչ նորմալ անել, որովհետեւ նա մեծ տնտեսություն կառավարելու փորձ չունի.
«Նա լավ տղա է, անձնական որեւէ խնդիր չկա, բայց նա փորձ չունի եւ քաղաքական մարդ չէ, քանի որ քաղաքականությունը կոմպրոմիսների արվեստ է։ Նա չի կարողանում բանակցություններ վարել։ Նա, ըստ էության, իր տեղում չէ։ Այստեղ Հայկի մեղքը շատ քիչ է, այստեղ Նիկոլի մեղքն է, քանի որ նա է Հայկին բերել ու դարձրել քաղաքապետ»։
Նա հիշեցրեց, որ, երբ իրենք մասնակցում էին ՏԻՄ ընտրության, վարչապետը հայտարարեց, որ այդ ամենն ընտրություն չէ, ուստի իրեն պետք է տան մանդատ խորհրդարանը ցրելու համար.
«Այդ պահից սկսած՝ ես ու Արամ Զավենի Սարգսյանն արդարացիորեն սկսեցինք արդարացիորեն բողոքել, որ՝ այ ախպեր ջան, եթե ՏԻՄ ընտրություն չէիր անում, ասեիր՝ մենք չմասնակցեինք, որովհետեւ մենք էլ էինք ուզում, որ խորհրդարանն օր առաջ ցրվեր։ Հետո մեզ դարձրեցին սեւեր, իրենք եղան սպիտակներ, Հայկն այդ միտքը դրեց շրջանառության մեջ, Նիկոլն էլ փոխանակ ասեր՝ սխալ է անում, ասաց՝ ճիշտ է ասում»։
Մարուքյանը նկատեց, որ այսօր մայրաքաղաքում կա մի իրավիճակ, երբ կառավարման են եկել մարդիկ, ովքեր տնտեսություն չեն կարող կառավարել, քաղաքը թաղվել է աղբի մեջ, եւ այս ամենի արդյունքում հեշտ է լինում ամեն օր ինչ-որ «Սանիթեք» ընկերությանը հայհոյելը։
«Շները երեխաների վրա են հարձակվում։ Հասկացանք, որ կենդանասեր են։ Մարդիկ ինձ գրում են՝ պարոն Մարուքյան դուք դե՞մ եք շներին։ Ես շներին ինչպե՞ս կարող եմ դեմ լինել կամ շներն իրենցից ի՞նչ են նշանակում, որ ես իրենց դեմ լինեմ։ Սահմանադրության մեջ գրված է, որ մարդը բարձրագույն արժեք է։ Հիմա եթե երեխան գնում է դպրոց, շունը հարձակվում է երեխայի վրա, ո՞ւմ պետք է պաշտպանենք։ Ես ասում եմ՝ էդ շների հարցը լուծեք, կստերջացնեք, կտանեք կմեկուսացնեք, թե կտանեք քաղաքապետարան ու ձեր կաբինետներում կպահեք՝ դուք գիտեք։ Հիմա շների հարցը չի կարում լուծի, դրանո՞ւմ էլ է «Սանիթեքը» մեղավոր»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Նրա կարծիքով՝ Երեւանում պետք է կազմակերպվի քաղաքապետի ընտրություն, քանի որ քաղաքապետ չի ընտրվել, եւ դասական ընտրություն չի եղել.
«Երեւանում տեղի է ունեցել խայտառակ ընտրություն, այդ պատճառով էլ նոր ընտրություն պետք է տեղի ունենա, քանի որ քաղաքապետը չի կարողանում քաղաքը կառավարել, այն թիմին, որ բերել է, նրանք էլ չեն կարողանում կառավարել, որի արդյունքում էլ քաղաքը հայտնվել է այլանդակ խնդիրների մեջ։ Այսօրվա իրավիճակի մեղավորը վարչապետն է, նրանից է պետք պահանջել, որ աղբը հավաքեն, կանաչապատում անեն»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։
Նա նաեւ ասաց, որ վարչապետին ասել է, որ նա ունի երեք խնդիր՝ վարած կադրային քաղաքականությունը շատ վատն է, խոստումները չի կատարում եւ գնում է բացառման սկզբունքով»։











