Հայաստանի օրենսդրությունը թույլատրում է օգտագործել զինված ուժերը ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու՝ օրինակ զանգվածային անկարգություններ կանխելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով 2008–ի մարտի մեկի իրադարձություններին։

«Մարտի մեկի իրադարձությունների շուրջ 10 տարվա ընթացքում ձևավորվել են բազմաթիվ միֆեր, դրանցից մեկն այն է, որ մեր օրենսդրությունը, Սահմանադրությունը թույլ չեն տալիս օգտագործել զինված ուժերը ներպետական հարցերում, օրինակ, զանգվածային անկարգությունները կանխելու համար։ Սա միֆ է և այսօր դատարանում քննվող քրեական գործը մեծ չափով հիմնված է այս միֆի վրա»,–հայտարարեց Ալումյանը՝ ընդգծելով, որ իրականում մեր օրենսդրությունը թույլատրում է օգտագործել զինված ուժերը ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու, օրինակ, զանգվածային անկարգություններ կանխելու համար։

«2008–ի Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ գործել է Սահմանադրության 8.1 հոդվածը ՝ համաձայն որի ՀՀ զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը»,– մեջբերեց փաստաբանը՝ նշելով, որ խոսքը ներքին և արտաքին անվտանգության մասին է. «Ներքին անվտանգությունն իր մեջ ներառում է ահաբեկչական ակտեր, զանգվածային անկարգություններ կանխելը»։

Անդրադառնալով միջազգային փորձին՝ Ալումյանը մատնանշեց Չինաստանի օրինակը, երբ 2009–ին զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով Չինաստանը ներգրավվել է Զինված ուժեր, արդյունքում եղել է 156 զոհ։

Փաստաբանի խոսքով՝ ներպետական խնդիրներ լուծելու, զանգվածային անկարգությունները ճնշելու համար Զինված ուժեր են ներգրավել Նեպալը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը 2014–ին , Հնդկաստանը՝  2016–ին, Բրազիլիան  2017–ին և այլ երկրներ։