Իշխանություններին առաջարկված հակակոռուպցիոն մարմինն արդյունավետ չի լինի։ Այս մասին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ Facebook-ում օգոստոսի 27-ի զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, եթե նշված մարմնում չներառվի ԱԱԾ Քննչական կոմիտեն, ապա բարեփոխումը կունենա նույն արդյունքը, ինչ եւ Սերժ Սարգսյանի օրոք, երբ ՊԵԿ եւ ԱԱԾ Քննչական կոմիտեները մնում էին կենտրոնացված մարմնից դուրս։

«Դա վկայում է այն մասին, որ իշխանությունները գնում են «ֆեյքային», «ֆասադային» մարմինների ստեղծման ճանապարհով։ Իշխանությունները պետք է հասկանան, որ նրանց ընտրել են ոչ այն բանի համար, որպեսզի նրանք պարզապես խնդիրներ բարձրացնեն, այլ նրա համար, որ լուծեն դրանք։ Դա մեկ անգամ եւս ընդգծում է ընդդիմության կարեւոր դերը, որը կարող է ապահովել առողջ բալանս քաղաքական համակարգում։ Դա պայմանավորված է պոպուլիզմը եւ անիրականանալի խոստումներ չտալը բացառելու անհրաժեշռությամբ, որոնց գերության մեջ է իշխանությունը հայտնվել Ամուլսարի հարցում»,- ավելացրել է նա։

Մարուքյանը նշել է, որ տնտեսական հանցագործությունների ժամանակ ձերբակալությունը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, եւ հեղափոխությունից հետո կարելի էր լուծել նրանց հարցերը, որոնք «թալանել» էին պետությունը, ավելի արդյունավետորեն։ «Դրա համար կարելի էր դիմել նրանց՝ պահանջելով վերադարձնել թալանածը, փակելով  այդ էջն ու ապահովելով հանրային կոնսենսուս։ Այսօր ստեղծվել է իրավիճակ, երբ չկան ոչ խոստացված ասֆալտին «փռված» օլիգարխները, ոչ այն, ինչի մասին ասացի։ Մենք տեսնում ենք, որ նստած է միայն Մանվել Գրիգորյանը։ Փաստը, որ մյուս բոլորը հանգիստ շրջում են փողոցներով, հարցեր է առաջացնում այն մասին, թե արդյոք կարող է հասարակությունը վստահել նոր իրավապահներին, թե ոչ»,- նշել է խմբակցության ղեկավարը։

Նրա խոսքով՝ պետսեկտորում մինչեւ այժմ կա ֆինանսավորման խնդիր։ «Ինչո՞ւ չէր կարելի պարզապես բարձրացնել պետծառայողների աշխատավարձը այն բանի փոխարեն, որպեսզի բարձրացվի գերատեսչությունների պարգեւատրումների ֆոնդը 30 տոկոսի չափով»,- ամփոփել է նա։