«Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է արել աշխատանքային հարցերով, որոնք առանձնապես չհետարքրեցին լրագրողներին։ Ինտրիգային հարցը մնում է Ամուլսարը, որ կարծես թիմերի է բաժանել իշխող մեծ խմբակցությունը։ Իմ քայլական կանաչների մեջ հատկապես ակտիվ էր Սոֆյա Հովսեփյանը։ Բայց այսօր նա որոշ շեշտադրումներ փոխել էր․ եթե նախկինում պատրաստ էր կանգնել բնապահպանների կողքին, ապա այսուհետև կկանգնի մի փոքր հեռու՝ չեզոք տեղում՝ նրանց եւ ոստիկանների միջեւ։ Պատգամավորը նաեւ մեղմացրեց խմբակցության մեջ եղած տեսակետների տարբերությունը, ասաց՝ տարաձայնություն չկա, այլակարծություն է, բայց որքան էլ խորանա այդ այլակարծությունը մանդատից հրաժարվելու գին այն երբեք չի ունենա։
Փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ էր այս հարցում կտրուկ, նա հայտարարեց՝ ոչ մեկ մանդատը վայր չի դնելու եւ կորպորատիվ քեֆի օրինակով փորձեց բացատրել, որ հրաժարականի հարց ընդհանրապես չկա։
Մյուս փոխխոսնակը՝ Լենա Նազարյանը, որ ժամանակին պայքարում էր Թեղուտի շահագործման դեմ, նախընտրեց չխոսել՝ «Ես ձեզ հետ չեմ պայմանավորվել հարցազրույցի համար»՝ լրագրողերին հարցերին ի պատասխան ասաց նախկին ակտիվիստը եւ հեռացավ։
Շենգավիթում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով տուժածներից մեկին միայն օրեր անց են տեղափոխել հիվանդանոց։ NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից։ Նա «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանի որդին է՝ 24-ամյա Յուրի Վարդանյանը, որ վիրավորում է ստացել ոտքերի շրջանում։ Յուրի Վարդանյանին հարազատները փորձել են տան պայմաններում բուժել, սակայն, տեսնելով, որ երիտասարդի վիճակը վատթարանում է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25–ին երեկոյան մոտ 6-ին Շենգավիթի Դոն Կիխոտ ռեստորանի դիմաց փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցներից սպանվել էր թաղային հեղինակություն 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Հրազենային վիրավորումով հիվանդանոց էր տեղափոխվել «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը: Քրեական գործում դեռեւս երկու մեղադրյալ կա՝ «Դոն Կիխոտ» ռեստորանի տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանը և եվս մեկ անձ, որ Երեւանի բնակիչ է՝ ծնված 1976 թվականին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
«Ձյունիկ Սառնարան» ընկերության սառնարաններից օգտվում էր 12 ընկերություն, մի քանի օր տևած հրդեհը միլիոնների վնաս է հասցրել նրանց, այդ ընկերություններից մեկի տնօրենն այսօր կասկածներ հայտնեց, որ սառնարարնների պահեստը հրկիզել են, եւ այդ վարկածը 99 տոկոսով հավաստի համարեց։ Ընկերությունը տնօրենը հայտնեց, որ միայն իրենք 900 տոննա ապրանքից կորցրել են 600-ը, եւ որպեսզի կարողանան շուկայում գոյատեւել, ակնկալում են պետությունից աջակցություն, մասնավորապես՝ որոշ հարկերի վերադարձ։
Երեւանում աղբի ճգնաժամը դեռ կխորանա։ «Սանիթեքը» այսօր հայտարարել է, որ իրենցից պահվել է ավելի քան 300 միլիոն դրամ, եւ ֆինանսական ճնշումների հետեւանքով վերջնականապես վտանգված է աղբահանությունը։ Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար։ Սա նշանակում է, որ Երեւանում աղբը էլ ավելի անվերահսկելի է դառնալու, եւ քաղաքը դեռ երկար է շնչելու գարշահոտությունը։
Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է, կազմել է 475 դրամ, եվրոն 527 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 580, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 13 դրամ։
Օգոստոսի 29-ին Հայաստանի առանձին մարզերում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են անձրեւ եւ ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35:











