Օգոստոսի 28-ին, ժամը 19։00–ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել: Հերթապահ բուժքույրն հայտնել է, որ «կրծքավանդակի ձախ կեսի 8-րդ և 9-րդ ողերի շրջանում ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ապարանի 45-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիվանդանոցում համապատասխան արձանագրույթյուններ կազմելուց հետո իրավապահներն անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ  են ձեռնարկել: Հաղորդումից մեկ ժամ անց մարմնական վնասվածք հասցնողը հայտնաբերվել է:

Քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ տուժողին Ապարան քաղաքի հարակից դաշտում արոտավայրի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է Կայք գյուղի 42-ամյա մի բնակիչ:

Ժամը 20-ի սահմաններում կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական բացատրություն:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Դանակն առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: