Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր` սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքում մասնակցել է նախակրթարանի բացմանը:

«Իմ այցը  Գեղարքունիքի մարզ պատահական չէ, քանի որ մենք այստեղ մի քանի նախակրթարան ենք այսօր բացելու, եւ առաջինը տեղի է ունենում Նորաշենում։ Քիչ առաջ մենք սեպտեմբերի 1-յան արարողություն իրականացրեցինք: Նախակրթարանները մեր քաղաքականության մեջ կարեւոր տեղ ունեն եւ միանգամից 18 նախակրթարանի բացումն այդ տրամաբանության մեջ է»,-ասաց նա:

Նախարարը շրջեց նախակրթարանում եւ լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սանհանգույցը եւ մուտքը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք ուղեւորվում են Զոլաքար` այնտեղ եւս 2 նախակրթարան բացելու համար:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Գիտելիքի օրվա կապակցությամբ այսօր տիկնոջ հետ այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղ, մասնակցել օրվա միջոցառմանը, շրջել դպրոցում: