Ֆիանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալման մեջ կար հանրության ուշադրությունը Ամուլսարի հարցից շեղելու բաղադրիչ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Գագիկ Խաչատրյանի ձերբակալման մեջ կար հանրության ուշադրությունը Ամուլսարի հարցից շեղելու բաղադրիչ, սակայն, կարծես թե, դա չաշխատեց, որովհետեւ չկարողացան անհրաժեշտ հնչեղություն տալ, որով կչեզոքացվեր Ամուլսարի շուրջ հետաքրքրությունը, դրա պատճառով իշխանությունները նորից հետ գնացին Ամուլսարի հարցի քննարկմանը, Skype-կոնֆերանս արեցին փորձագետների հետ եւ այլն»,–նշեց նա։

Քաղաքագետի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու 1.5 տարի առաջ քայլեր չէին կատարվում Գագիկ Խաչատրյանի հարստության աղբյուրը բացահայտելու ուղղությամբ. «Մենք գիտենք՝ Հայաստանում հիմա մարդիկ ձերբակալվում են այն միֆերի հիման վրա, որ տարածվել է ժամանակի ընթացքում։  Անհասկանալի է՝ 1.5 տարի իշխանություններն ինչու քայլեր չէին անում Գագիկ Խաչատրյանի կուտակած հարստությունները հետ բերելու  եւ դրանց աղբյուրները պարզելու համար։ Եթե չեն արել եւ հենց հիմա են անում, ապա դրա մեջ մեծ է այս բաղադրիչի դերը»։

Ենոքյանի կարծիքով՝ ե՛ւ իշխանությունները չկարողացան հնչեղություն տալ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը, ե՛ւ հասարակությունն է հոգնել տեսարաններից. «Իշխանությունների PR-ը սկսել է շատ վատ աշխատել, պատճառը երեւի թե այն է, որ իշխանությունները շատ մեծ ուշադրություն են դարձնում ֆեյսբուքին, որի դերը գնալով թուլանում է, քանի որ տեխնիկական փոփոխություններ են տեղի ունենում ցանցում եւ կա հոգնեցման էֆեկտը։ Մյուս կողմից հասարակությունն  է հոգնել, հասարակությունն այդքան շատ նեգատիվ չի ուզում, ես կարծում եմ, հասկանում են, որ պետք է չարը պատժվի, բայց նրանք ուզում են, որ չարի պատժումից հետո ուզում են երկիրը ոտքի կանգնի»։