ՀՀ իշխանությունների կողմից փորձ է արվում լարվածության մի մասը Հայաստանից տեղափոխել Արցախ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Իսկ թե ինչ հետեւանք այն կունենա, քաղաքագետը ասաց. «Առաջնային հետեւանքը, որով ՀՀ իշխանությունները մտահոգված են, որ լարվածությունը ՀՀ-ում թուլանա, իսկ թե հետո ինչ կլինի, մենք տեսանք, որ ՀՀ իշխանությունները ռազմավարություն չեն ունենում»։
Նա այս քայլերի շրջանակներում է տեսնում դրամաշնորհների հատկացումը Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ–ներին. «Դրա հետ կապված եղավ դրամաշնորհների հատկացում Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ–ներին, ինչը մեր պատմության մեջ առաջին անգամ էր, քանի որ երբեք նախկինում Հայաստանը կասկածի տակ չի առել Արցախում եղած ընտրությունները, իսկ հիմա Հայաստանը փորձում է լծակներ օգտագործել այնտեղի ընտրությունները դիտարկելու համար։ Եղավ ֆեյսբուքյան կամ մամուլում հակամարտություն Վիտալի Բալասանյանի եւ ՀՀ իշխանությունների միջեւ։ Այսպիսի զարգացումներ են ընթանում, որոնց ճակատագիրն անհայտ է, քանի որ պարզ չի, թե մինչեւ ուր կգնան ՀՀ իշխանությունները եւ մինչեւ ուր կդիմադրեն Արցախի ներկայացուցիչները»։
Այդ դրամաշնորհի հատկացումը, քաղաքագետի խոսքով, ֆորմալ առումով Արցախի ներքին գործերին միջամտություն է, քանի որ Արցախն ու Հայաստանը անկախ երկրներ են. «Արցախի կողմից չի եղել խնդրանք, ցանկություն, որ ՀՀ-ն այդպիսի դիտորդական առաքելություն իրականացնի։ Խնդիրն ավելի խորքային է՝ մինչ այս Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունն ունեցել են նույն գենեզիսը, թեկուզ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք էլ եղել են Արցախյան շարժումից սերված, հիմա ՀՀ-ում եկել է մի իշխանություն, որը այդ շարժման բնական շարունակությունը չի, այս առումով կա ճանաչողական, աշխարհայացքային տարբերություն եւ չկա հարմոնիայի երկու իշխանությունների միջեւ»։
Ավելի վաղ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության 33 մլն դրամ հատկացվեց։
Այդ երկու կազմակերպություններն են՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլը»։











