Ես գնահատում եմ արցախի այսօրվա վիճակը, որն ունի ներքին հսկա կայունություն եւ կայունության ամրապնդման լուրջ ռեսուրս. այդտեղ է բանակցային գործընթացի զարգացման հեռանկարը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի բանակցությունների գործընթացի ներկա փուլին:
«Դուք մի նայեք, թե բանակցային գործընթացն ակտիվ է, պասիվ է, ինչ տարբերակներ են դրված բանակցային սեղանին: Բանակցային սեղանը կունենա իր դրսեւորումը, երբ մեր ամրությունները կլինեն անառիկ: Իսկ այսօր տեսնում եք, որ նա բռնել է այդ հասկացվածության, անառիկության ճանապարհը»:
Հարցին, թե նախորդ իշխանությունների ժամանակ ինչպիսին էր բանակցային գործընթացը, Քոչարյանը պատասխանեց. «Նախորդ իշխանություններն արել են այն, ինչ արել են: Կարեւորը, որ մեր այսօրվա իշխանությունները ինչպիսի առաջընթաց կապահովեն մեր անվտանգության միասնական համակարգի առումով եւ մեր երկու պետությունների ամբողջական զարգացման առումով»:
Դիտարկմանը, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դառնացած է, որ իրեն բաժին է հասել Արցախի բանակցային գործընթացը, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանն իր դառնությունները հետագայում երեւի կկիսի ձեզ հետ եւ կասի, թե ինչու է դառնացած: Ինքն է համար մեկ պաշտոնյան, որը գիտի ամբողջ եղածն ու չեղածը: Այսինքն այն, ինչը նա ներկայացնում է, կա նաեւ չներկայացրած բաներ, որտեղ ինքը գուցե տեսել է կորսված հնարավորություններ: Այսօր մենք պետք է հասնենք նրան, որ չունենանք կորսված հնարավորություն: Բոլոր հնարավորությունները պետք է ճիշտը պահին օգտագործվեն մինչեւ մեր վերջնական հաղթանակ կամ հաղթանակի հեռանկար:











