Բարձրագույն դատական խորհրդի անդամները պարտադիր անցնելու են բարեվարքության ստուգման գործընթացը, եւ այդ գործընթացը պետք է սկսել ինձնից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
«Սկզբից կանցնեմ ես, հետո ԲԴԽ անդամները, հետո` դատավորները, թե ինչպես է դա լինելու, դեռ չեմ կարող ասել, մշակման փուլում է, բայց որ լինելու է, դա հաստատ»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը: Վերջինս ԲԴԽ նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ է ասուլիս հրավիրել։ Վարդազարյանը հայտարարեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը այսուհետ լինելու է չափազանց պարզ եւ թափանցիկ։
«ԲԴԽ-ում աշխատանքները ընթանում են բավական դրական եւ կառուցողական մթնոլորտում, անդամները բոլորը պատրաստ են աշխատել եւ իրենց կարողությունները ներդնել հանուն ՀՀ-ի: Ծանրաբեռնված աշխատանքներ են, գրեթե ամեն օր ունենում ենք քննարկումներ»,- ասաց նա։











