Օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ԱԱԾ–ի միջնորդությունները քննելը եղել է իմ գործառույթը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝  անդրադառնալով իր հասցեին հնչեցվող այն քննադատություններին, որ ինքը մշտապես բավարարել է ԱԱԾ–ի միջնորդությունները և այդ համատեքստում նրան մշտապես ընկալել են, որպես ԱԱԾ–ին հաճո դատավոր։

«Այնպես է ստացվել, որ ես որպես դատավոր 2010–ից քննել եմ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ԱԱԾ–ի միջնորդությունները, եթե մենք քանակը հաշվենք, ապա ոստիկանությունն ավելի շատ միջնորդություններ է ներկայացրել, քան ԱԱԾ–ն։ Դա եղել է իմ գործառույթը, քանի որ ես նման մասնագիտացում եմ ունեցել, և որպես դատավոր ունեցել եմ թույլտվություն լսելու օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ներկայացվող միջնորդությունները»,–ասաց նա։

Վարդազարյանը նկատեց, որ նույն հաջողությամբ կարելի էր ասել, որ ինքը ոստիկանության հաճո դատավորն է, քանի որ ավելի շատ ոստիկանության միջնորդություններն է բավարարել։