Փորձագիտական աշխատանք է անհրաժեշտ թե իրավական, թե տնտեսական, թե բնապահպանական տեսանկյուններից. միայն այս երեք կարեւոր եզրահանգումների ճիշտ համակցությունը կբերի ճիշտ որոշման: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման խնդրին:

Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է  հիմնավորել, որ հանքի շահագործման հետեւանքով կարող է լուրջ վնասներ կրել, այդ թվում Սեւանի ջրերի հետ կապված, փոխվարչապետը պատասխանեց. «Այն ինչի մասին մենք խոսում ենք, խորը փորձագիտական եւ մասնագիտական եզրահանգման կարիք ունի: Էքսպրոմտ այդպիսի հարցերի պատասխանելը սխալ կլինի»:

Նա հավելեց, եր «Էլարդի» ներկայացուցիչների հետ տեսակապին չի մասնակցել, բայց իհարկե, դիտել է տեսագրությունը. «Տեսակապի ժամանակ ինչ-որ բաներ, կարծում եմ՝ նոր էր, ինչ-որ բաներ արդեն հայտնի էր: Այդ ամենը գնահատականի արժանի է միայն համակցման մեջ»:

Նա սխալ համարեց կարծիքը, թե իզուր պետությունը 400 հազար դոլար է տրամադրել լրացուցիչ փորձաքննության համար. «Չի կարելի նման բան ասել, որովհետեւ կա փորձագիտական նյութ, որը առնվազն լսել է պետք: Հավասարակշռված որոշումը կլինի ամենաճիշտը»:

Հարցին, թե արդյոք մինչեւ բնապահպանական հարցերին ստույգ պատասխաններ չտրվեն, հանքը չի շահագործվելու, Մհեր Գրիգորյանը դրական պատասխան տվեց. «Այո, ես նշեցի, որ բնապահպանական հարցը կարեւորագույններից մեկն է»: