Օգոստոսի 29-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ այրել են բակում կայանված իրենց ավտոմեքենան։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները դեպքի վայրում հայտնաբերեցին բենզինի նմանվող հեղուկի եւ այլ դյուրավառ նյութի 3 շիշ։ Քաղաքացիներն այրվող «Օպելը» մարել էին իրենց ուժերով։

Ոստիկանները օպերատիվ-հետախուզական եւ որոնողական միջոցառումներ ձեռնարկեցին։

Սեպտեմբերի 2-ին քաղաքացին կրկին ոստիկանություն ահազանգեց։ Այս անգամ անհայտ անձը հրկիզել էր տան մուտքի դուռը։

Շարունակելով կատարվածը բացահայտելուն ուղղված միջոցառումները՝ Մաշտոցի քրեական հետախույզները օպերտարիվ տեղեկություններ ստացան, որ արարքը հնարավոր է կատարած լինի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի 47-ամյա բնակիչը։ Շուտով նա հայտնաբերվեց եւ դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։

Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել։

Կատարվում է քննություն։