ԲՀԿ-ի առաջարկած օրինագիծը՝ մերսման սրահների գործունեության սահմանափակման վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն ծիծաղի պոռթկում առաջացրեց այսօր՝ օգոստոսի 4-ին։

ԱԺ հանձնաժողովում նախագծի հեղինակ ԲՀԿ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը նշեցին, որ սահմանափակումը չի ազդելու բուժական մերսման վրա։

«Նախագծով առաջարկում եմ մերսման սրահը սահմանել որպես սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ՝ արգելելով վերջինիս տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի եւ ոչ բնակելի տարածքում, ինչպես նաեւ կրթական եւ պատմամշակութային հաստատությունների պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում, ինչպես նաեւ ամրագրել թույլտվություն ստանալու պահանջ։ Սա նախկինում չկարգավորված գործունեության ոլորտ էր։ Մարդիկ առանց որեւէ լիցենզիայի, որեւէ խնդրի ցանկացած տարածք վարձակալում էին եւ վրան գրում էին մերսման սրահ եւ անհասկանալի գործողություններով էին զբաղվում։ Մենք առաջարկում ենք կարգավորման դաշտ բերել»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ հարցրեց Բագրատյանին. «Մեր խնդիրը մերսմա՞ն սրահի հետ է, թե՞ մերսման սրահի այլասերված իդեայի հետ»։

Բագրատյանն էլ պատասխանեց, որ իրենք բացառում են միայն բուժական մերսման գործունեության սահմանափակումը. «Մենք հասկանում ենք, որ հիվանդանոցներում բժշկական մերսման գործընթացը կար վաղուց»։

Թունյանը կրկին հարցադրում արեց. «Այսինքն հաճույքի համար մերսման մերժման մասին է խոսքը։ Իսկ դա ինչպե՞ս է տարանջատվելու։ Գուցե այդ մարդը համ հաճույք է ստանում, համ առողջություն»։

Բագրատյանն էլ ասաց, որ իրենք չեն արգելում, այլ այդ սահմանափակելու իրավունքը թողնում են տեղական ինքնակառավարման մարմնի եւ քաղաքապետարանի վրա. «Ավագանու թույլտվությամբ ձեր ասած ծառայությունը կմատուցեն։ Մենք չթողենք մի վիճակ, որ անկառավարելի ռիսկեր ունենանք։ Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ՝ կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ, բացառությամբ՝ մերսման սրահի։ Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական եւ չափավոր ազդեցություն է ներգործում մարդու մարմնի վրա»,- ասաց Բագրատյանը։

Նախագծի հեղինակի խոսքը հանձնաժողովի անդամների մոտ ծիծաղի պոռթկում առաջացրեց, որից հետո Թունյանն ասաց. «Եկեք դետալների մեջ չխորանանք։ Սա լավ օրենք էր, ծանր օրակարգից հետո սա հանգստացնող մերսման նման ազդեցություն է թողնում»։

Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ նախագիծն առաջադրելու անհրաժեշտությունը ծագել է բնակիչների բողոքից. «Ինձ էլ, պարոն Բագրատյանին էլ եկել էին բազմաթիվ բողոքներ։ Մարդիկ այդ գիշերային աղմուկից չեն կարողանում քնել, հատկապես ամռանը պատուհանները բաց են թողնում եւ աղմուկից էլ չեն կարողանում քնել»։

Հովհաննիսյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանում բավականին ոգեւորվել էին այդ նախագծով, քանի որ այդ ոլորտը բացարձակ կարգավորված չի եղել. «Տեղական ինքնակառավարման մարմնի ու քաղաքապետարանին է վերապահված սահմանել այն տարածությունն ու չափը, թե որքան հեռավորության վրա կկարողանան գտնվել»։