Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 4–ին մեկնարկեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու գործով առաջին դատական նիստը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Վիկտոր Մարտիրոսյանը և Արաքս Դիլանյանը։ Վերջինիս նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Մարտիրոսյանի նկատմամբ՝ կալանավորումը։

Այսօրվա նիստում մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը հրապարակեց գործով մեղադրական եզրակացությունը։

Համաձայն մեղադրանքի՝ Վիկտոր Մարտիրոսյանը, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008թ. սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով:

Մարտիրոսյանը Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար: Այսինքն Վիկտոր Մարտիրոսյանն օժանդակել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, ապա` օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Արաքս Դիլանյանը նույնպես մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Վիկտոր Մարտիրոսյանը և Արաքս Դիլանյանը դատարանում հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում։

Մարտիրոսյանը հայտարարեց, որ մեղադրանքը կառուցված է միայն ենթադրության վրա, իսկ Դիլանյանը նշեց, որ կաշառքի մասին տեղեկացել է միայն 2016–ին և չգիտի ինչի մասին է խոսքը։ Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց գործով առանցքային վկա, գործարար Սիլվա Համբարձումյանը։