Վերջին 20 տարին մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մեզ անընդհատ ասում են՝ թեժ աշուն է սպասվում, իսկ Նոր տարվա գինարբուքներից հետո ասում են թեժ քաղաքական գարուն է սպասվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
«Բայց նախորդ տարի, այնուամենայնիվ, այս կանոնը գործեց, իսկապես թեժ եղավ գարունը, նկատի ունեմ իշխանափոխությունը, իսկ շատերի պնդմամբ՝ հեղափոխություն։ Թեժությունը կապված չէ ինչ–որ մեկի քմահաճույքից, ես, օրինակ, չեմ ուզի, որ թեժ լինի աշունը, քանի որ քաղաքական թեժությունը չի կարող չանդրադառնալ մարդկանց տրամադրության վրա, տնտեսության վրա, սոցիալական խնդիրների վրա։ Եթե կա թեժ իրավիճակ, ամեն մեկը փորձում է այդ իրավիճակը լուծել հօգուտ իրեն կամ իր շահառուների։ Առանց այն էլ թեժ է մեր կյանքը»,–նշեց նա։
Համատարած ատելության եւ թշնամության մթնոլորտը, պատգամավորի խոսքով, բուռն զարգացում ապրեց այս իշխանության օրոք, «այս ճշմարտությունը չխոստովանելը ավելորդ երկյուղածության արգասիք կլինի»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու մասին հարցին պատգամավորն նշեց.
«Ես թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընկալել եմ որպես լուրջ մարդիկ, հիմա տարբեր մարդկանց նկատմամբ կարող են տարբեր մեղադրանքներ լինել, կարող են մեկին չսիրել, բայց լրջության պակաս իրենցից ոչ մեկի մոտ չեմ նկատել, այս շրջանակներում հիմքեր չունեմ կասկածի տակ դնելու նրանց երկուստեք այն հայտարարությունը, որ իրենք ընկերներ են։ Իսկ մարդու լրջությունը մեծապես կախված է նաեւ նրանից, թե նա ընկերական հարաբերություններին որքան լրջորեն է վերաբերում։ Հիմա եթե ինքը որպես ընկեր նպատակահարմար է համարում այցելել կամ ծնունդ շնորհավորել, դա պետք չի քաղաքականացնել կամ սրտամոտ ընդունել, հեգեցունց վիճակի մեջ պետք չէ ընկնել, անձանցից վերանանք, դու քո երկիրը լավ կառավարի, ապահովի արդարադատության օբյեկտիվությունը, ոչ մեկի ընկերական հարաբերությունները քեզ չեն կարող սպառնալ։











