Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ մեկնարկեց քրեական աշխարհում «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի դեմ մահափորձի գործով առաջին դատական նիստը։

Խոսքը 2017 թվականի սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների մասին է, որի հետևանքով Վահագն Աբգարյանը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ նրա թիկնապահը՝ մահացել:

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը։ Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։

Գործով տուժողների ներկայացուցիչն է Մարինա Պողոսյանը, իսկ ամբաստանյալների շահերը ներկայացնում է փաստաբան Ռուբեն Սահակյանը։ Դատարանում մեղադրանքը պաշտպանում է դատախազ Տիգրան Ենոքյանը։ Այսօրվա նիստում գործով տուժող Վահագն Աբգարյանը դիմում էր ներկայացրել դատարանին՝ խնդրելով դատական նիստերն անցկացնել իր բացակայությամբ։ Տուժողի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը հայտարարեց, որ նոր է ներգրավվել գործում և ժամանակ խնդրեց դատարանին գործի նյութերին ծանոթանալու համար։ Նիստի նախապատրաստական փուլում դատարանը ճշտեց ամբաստանյալների տվյալները։

Այսօրվա նիստին հայտնի դարձավ, որ ամբաստանյալներից Ալբերտ Բլբուլյանը նախկինում դատապարտված է եղել ՌԴ–ում և Վրաստանում։ Ամբաստանյալը հայտնեց, որ առողջական խնդիրներ ունի, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ի՞նչ հիվանդությամբ է տառապում։ Ամբաստանյալներից Արմեն Կարադվիդովն էլ նախկինում երեք անգամ է դատապարտված եղել, վերջին անգամ՝ 2018–ին Վրաստանում։

Ըստ մեղադրանքի՝ Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովին  խմբի կազմում երկու և ավել անձանց` Վահագն Աբգարյանին, նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանին, Արթուր Մնացականյանին, Արամ Խաչատրյանին և Դավիթ Բուդաղյանին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած ատրճանակից կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ և սպանել Գագիկ Մոսինյանին։ Արձակված կրակոցները Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղլյանին և Արամ Խաչատրյանին չեն դիպել, իսկ հրազենային վնասվածքներ ստացած Վահագն Աբգարյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնությունը:

Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը, որոնք տևական ժամանակ գտնվում էին հետախուզման մեջ,  2019 թվականի փետրվարի 5-ին Վրաստանի իրավապահների կողմից արտահանձնվել են Հայաստանի Հանրապետությանը:

Մահափորձի գործով մեղադրվում էր նաև Ռաֆիկ Խաչատրյանը, որը սակայն 2018–ի դեկտեմբերին մահացել է քրեակատարողական հիմնարկում: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է:

Նշենք, որ «Ալեվերդցի Վահագնը» մեկ այլ քրեական գործով ունի ամբաստանյալի կարգավիճակ։ Նա մեղադրվում է Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև քննիչին և քննչականի պետին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ։