Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանի համար անակնկալ է եղել իր թեկնածությունը սատարելու՝ «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարությունը։ Այս մասին Ստեփանակերտում NEWS.am–ի հետ զրույցում ասաց Սահակյանը։

«Ես ինքնառաջադրվել եմ և բազմիցս հայտարարել, որ բաց եմ բոլոր քաղաքական ուժերի համար։ Սկցզբում Դաշնակցությունը, ծանոթանալով մեր ծրագրին, առաջարկեց համագործակցել։ Կարծում եմ, իրենց համար ընկալելի և ընդունելի եղան իմ կողմից ներկայացված ծրագրերը։ Այնուհետև «Սասնա ծռերը»  հայտարարեցին ինձ սատարելու մասին, ինչն ինձ համար մի փոքր անականկալ էր»,–ասաց նա։

Խոսելով ընտրություններում իր ակնկալիքների մասին, քաղաքապետի թեկնածուն կարծիք հայտնեց, որ իրենց 20 օրվա աշխատանքը  թույլ է տվել ակնկալելու, որ իրենք կլինեն առաջատարներից մեկը և հնարավորություն կունենան հետագայում ղեկավարելու համայնքը։

 Ըստ Սահակյանի՝ քաղաքապետի թեկնածուները հավասար շանսեր ունեն։

Դիտարկմանը, թե ինչո՞վ է պայմանավորված ՏԻՄ ընտրությունների նման աշխուժությունը, Սահակյանը պատասխանեց.

«Բոլորն էլ նոր են քաղաքականության մեջ, բացի այդ, քաղաքական դաշտում ՏԻՄ ընտրություններին պետք է լուրջ փոփոխություններ հետևեն, երևի դրանով է պայմանավորված աշխուժությունը»։

Քաղաքապետի թեկնածուն քարոզարշավի ընթացքում լուրջ խախտումների չի հանդիպել։

 «Կոպիտ խախտումներ չեն նկատվել, եղել են վրիպումներ, մարդիք, ովքեր սև PR–ով  փորձել են խանգարել քարոզարժավին, սակայն կարճ ժամանակահատվածում այդ ամենը շտկվել է և մեկս մյուսի նկատմամբ բարիդրացիական հարաբերոեւթյուններ ունենք»,–ասաց նա։

Քաղաքի հրատապ լուծում պահանջող խնդիրներից Գրիգորի Սահակյանն առանձնացրեց Ստեփանակերտի համաչափ զարգացման հարցը։

«Դա պայմանավորված է եղել Ստեփանակերտի գլխավոր հատակագծի բացակայությամբ, ձեռնամուխ կլինենք, որ այդ կարևորագույն փաստաթուղթն ունենանք»,–ասաց նա։

 Թեկնածուի խոսքով առաջնային են նաև Ստեփանակերտում հոսող բաց կոյուղիներին, ջրի որակին, տրանսպորտային ոլորտում սպասարկման որակին, սոցիալական անապահով ընտանիքներին վերաբերող խնդիրները։

Գրիգորի Սահակյանն, ով նախկինում բանակի հրամանատար է եղել և ունի գնդապետի կոչում, խոսեց նաև բանակից քաղաքականություն մտնելու իր որոշման մասին։

«Այդ որոշումը միանգամից չէ, որ կատարել եմ. ես ծառայելով բանակում, կատարել եմ իմ պարտականություններն ինչպես անհրաժեշտ է, դրա վկայությունը մեր զորամասի ունեցած գնահատականն է։ Վերջին մեկ տարվա ընթացքում մտահորիզոնս մի քիչ փոխվեց և պատկերացում ունեցա, որ կարող եմ էլ ավելին անել ոչ միայն բանակում, այլև քաղաքական ասպարեզում, ինքս ինձ հետ պայքարելով  որոշեցի իմ կարողություններն օգտագործել ի շահ Արցախի»,–ասաց քաղաքապետի թեկնածուն։

Հիշեցնենք, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 8-ին կկայանան  քաղաքապետի ընտրություններ։ Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի հինգ թեկնածու, որից չորսը՝ Արեգ Ավագյանը, Արմեն Հակոբյանը, Դավիթ Սարգսյանը և Գրիգորի Սահակյանը ինքնաառաջադրված են: Թեկնածուներից Արայիկ Ավանիսյանը առաջադրվել է  «Ինքնություն և միասնություն» նորաստեղծ կուսակցության կողմից։