Ինչո՞ւ են միայն մեկ անձի՝ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարց բարձրացնում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Թող մեր ամբողջ դատական կազմը վերանայեն, որովհետեւ այնտեղ քվեարկություն է տեղի ունենում, աշխատակարգային որոշումներ կայացնելու համար: Եթե սա անձի խնդիր չի, ինչի՞ է դրված միայն Հրայր Թովմասյանի խնդիրը: Թող ամբողջ դատական կազմի գործունեության իրավաչափությունը վերանայեն»,-ասաց նա:
Անդրադառնալով իր եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջեւ վիճաբանությանը, նա ասաց. «Այստեղ կոնկրետ հարց է քննարկվում եւ ոչ ոք ավելորդ ժամանակ չունի, գա այստեղ ինչ ուզի խոսի, մենք էլ լսենք: Եթե հիմքը կա, մենք գնահատենք այդ հիմքը եւ մեր քվեարկությամբ դիրքորոշում արտահայտենք: Արման Բաբաջայանը խոսում էր տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերի մասին: Ես էլ ասացի, որ մենք չենք եկել այստեղ, որ տարիների հարց քննարկենք, մենք կոնկրետ օրակարգային հարց ունենք, եկեք սահմանափակվենք դրանով»:











