Ես՝ որպես մարզպետ եւ որպես անձ, որն ամբողջովին ներգրավված է եղել ընտրական պրոցեսում, իմ ուշադրության կենտրոնում եմ պահում այս գործը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ խոսելով Աբովյանի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի շտաբի պետի մեքենան հրկիզելու գործի մասին։

«Գործը դեռ Քննչական կոմիտեում է, գիտեմ, որ մի քանի տասնյակ հարցաքննություններ են եղել, բայց կասկածյալների ներգրավման, կարգավիճակների տրման մասին ինֆորմացիա չունեմ։ Հետամուտ եմ գործի լիարժեք բացահայտմանը, ցավոք ձգձգվում են, ինչպես այլ տասնյակ գործեր, որոնք 8 ամիս կամ 1 տարի առաջ հարուցվել են մեր մարզում, քանի որ այս ծավալի գործեր քննելու համար ՔԿ աշխատակազմը ֆիզիկապես չի հերիքում, նույնիսկ արտաժամյա աշխատանքի արդյունքում  չեն հասցնում քննել նախկին ՏԻՄ–երի, համայնքների գործող ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործերը»,– նշեց նա։