«Մարտի 1»-ի գործի քննությունը շատ ակտիվ իրականացվում է, իսկ յուրաքանչյուր դետալ, էլ չեմ ասում այսպիսի կարեւոր իրադարձություն իր առանցքային նշանակությունն է ունենալու որոշակի վարկածների ընտրության, եւ այդ վարկածներով որոշակի ուղղությամբ քննությունը խորացնելու համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է ՀՀ նախկին ոստիկանապետ, Մարտի 1»-ի գործով վկա Հայկ Հարությունյանի մահվան միջադեպը էական ազդեցություն ունենալ «Մարտի 1»-ի բացահայտման վրա:

«Թե ինչպես կարող է ազդել, դա միայն արդյունքում կերեւա, ես չեմ կարող ասել.,-ասաց նա:

Դիտարկմանը, թե նախկինում հայտարարվում էրն, որ «մարտի 1»-ի գործով շղթան բացահայտվել է, մինչդեռ Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց, Արթուր Դավթյանն ասաց. «Շղթան բացահայտելու ուղղությամբ քայլեր են իրականացվում, ձեռք էին բերվել փաստական տվյալներ, որոնք ես եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բավարար էին դատավարական այնպիսի որոշում կայացնելու համար, որպիսին կայացվեց:Բայց հետագա քննության ընթացքում ձեռք բերվեցին այնպիսի տվյալներ, որոնց պայմաններում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը բացակայում էին: Հետապնդումը շարունակվում է, ստուգվում են այդ վարկածները: մեծ աշխատանք է կատարում քննչական մարմինն այդ ուղղությամբ»:

Անդրադառնալով «մարտի 1»-ի 10 զոհերի մեղավորների բացահայտմանը, նա ընդգծեց. «Որ գործը փակուղում է, ես երբեք նման բան չեմ ասի: Չեմ ասի ոչ թե որովհետեւ չեմ ցանկանա ասել, այլ որովհետեւ այդ ուղղությամբ միշտ ակտիվ գործողություններ են իրականացվում: Մենք կարո՞ղ էինք 5-6-7 տարի առաջ ասել, որ այն ինչ բացահայտվեց, կբացահայտվեր: հետեւաբար, ես վստահ եմ, որ դետալները բացահայտվելու են: Դա կլինի մեկ ամսից, երկու ամսից, մեկ տարուց, չեմ կարող դա ասել»:

Դիտարկմանը, որ Գեղամ Պետրոսյանը չի ընդունում մեղադրանքը, Արթուր Դավթյանը հարցով պատասխանեց. «Իսկ դատարան ուղարկված քրգործով ամբաստանյալներն ընդունո՞ւմ են իրենց մեղադրանքը: Եթե տոկոսների վերածեմ, գործնականում մեր իրականացրած քրեական գործերով կեսից ոչ պակաս դեպքերում անձինք չեն ընդունում մեղադրանքը»:

Նա ընդգծեց, որ իրենք դեռ այդ գործը դատարան չեն ուղարկել, եթե գործը նախաքննության փուլում է, նշանակում է դեռեւս գործը դատարան ուղարկելու փուլը չի եկել:

Հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին