Վարդաշենի հանրակացարանների բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով քաղաքային իշխանություններից իրենց շենքի վթարային վիճակի բարեկարգում իրականացնել։ Բնակիչների խոսքով՝ հանրակացարանի շենքը 4-րդ կարգի վթարային է, բայց սեյսմիկ եզրակացության մեջ գրված է 3-րդ աստիճան։

«Մենք ուզում ենք, որ մի փոքր ուշադրություն դարձնեն, քանի որ այդ շենքն իրականում ամբողջությամբ փլվելու եզրին է։ Կոնկրետ իմ տան պանելը 5-7 սանտիմետր արդեն կախվել է։ 3 հատ պանելը եթե արդեն կախվել է ուրեմն վթարային է։ Մենք մյուս բնակիչների նման վճարում ենք վարկեր, ուզում ենք նորմալ պայմաններում ապրել։ Մեկը գալիս է 3 կարգի վթարային է տալիս, մեկը՝ 3.85 կարգ, դա արդեն կապիկություն է»,- ասաց բնակիչներից մեկը։

Ակցիայի մասնակիցներից մի քանիսն ակցիայի ընթացքում քաղաքապետարանի բակում հանդիպում ունեցան Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի հետ, բանավեճ սկսվեց ակցիայի մասնակիցների եւ Հարությունյանի միջեւ, որից հետո որոշվեց քննարկել այդ թեման քաղաքապետարանի ներսում։

Բնակիչներից մեկը հայտնեց, որ քաղաքապետարանի նախկին աշխատակից Զավեն Առաքելյանն իրենց ասել էր, որ բնակիչները տարհանման ենթակա են: Գրիգոր Հարությունյանն էլ առաջարկեց եզրակացության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում անկախ գնահատողի միջոցով նոր սեյսմիկ եզրակացություն ստանալ: Բնակիչների հետ հանդիպմանը մասնակցեցին նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ-ական ավագանու անդամներ Միքայել Մանրիկյանն ու Արմեն Ներսիսյանը: Հարությունյանն էլ տեղեկացրեց բնակիչներին, որ քաղաքի բյուջեն 21 մլրդ դրամ է, նոր շենքի կառուցման համար կպահանջվի 1-2 մլրդ դրամ, քաղաքապետարանն էլ բնակֆոնդ չունի: Նա նշեց, որ քաղաքապետարանը պատրաստ է նոր անկախ գնահատողի վարձել՝ եզրակացություն ստանալու համար:

«Արաքելյան Վալերիկը հեռախոսազանգով 10 օր առաջ մեզ ասել է, որ ես ուղարկել եմ շինբաժին, հետևողական եղեք՝ 4-րդ կարգ է, էտ ո՞նց եղավ 3-րդ կարգ»,- ասաց բնակիչը՝ հարցն ուղղելով քաղաքապետարանի աշխատակցին։

Նա էլ իր հերթին ասաց. «Եկեք փաստերով խոսենք։ Ես ձեր ասածին չեմ հավատում, հավատում եմ կնիքին»։

Միքայել Մանրիկյանն էլ քաղաքապետարանի աշխատակցին ասաց, որ նրա գործելաոճն իրեն հիշեցնում է նախկին իշխանության գործելաոճին. «Ես որպես ավագանու անդամ ձեզ համարում եմ ոչ լիարժեք այս հարցի քննարկման համար»։

Արմեն Ներսիսյանն էլ տեղից վեր կացավ, եւ Գրիգոր Հարությունյանին առաջարկեց քննարկմանը ներկա կանանց հետ խոսել հարգալից տոնով. «Դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք հայ կնոջը չհավատալու, հենց հիմա դահլիճից հեռացեք»։

Միջադեպից հետո Արմեն Ներսիսյանը եւ քաղաքապետարանի աշխատակիցը միասին դուրս եկան քննարկման սենյակից, որից րոպեներ անց վերադարձավ միայն Արմեն Ներսիսյանը, եւ շարունակեց մասնակցել քննարկմանը։

Բնակիչներից մեկն ասաց, որ իրենց բնակարանների հիմքը թուլացնում են նաեւ գրունտային ջրերը. «Մեր առաջին հանդիպման ժամանակ այստեղ նստած Շաքարյանը շուռ եկավ ինձ ասաց՝ ԱԻՆ-ի տված փաստաթուղթը, որը մեզ տվել է 2015 թվականին, հիմա մեզ մոտ չի գործում։ Ասաց, որ քաղաքապետարանի սեյսմիկ կայանի աշխատակիցները գան, մենք էլ ասացինք՝ համաձայն ենք։  Գրունտային ջրերը գալիս են ուղիղ իմ բնակարանի նկուղային հարկ, 2 անգամ եկել են «Վիոլայից» չիդի են խփել, թողել գնացել են»։

Արմեն Ներսիսյանն առաջարկեց, որ բնակիչների բնակարանները գնա եւ տեսնի քաղաքապետ Հայկ Մարությանը, հանդիպի բնակիչներին, լսի իրենց խնդիրը. «Մարդիկ չունեն կոմունալ ոչ մի հարմարություն, ընդհանուր զուգարաններ եւ լոգարաններ են, որեւէ տիպի պայման չկա, 21-րդ դարում մեր քաղաքացին չունի ոչ մի պայման։ Այդ շենքի բակում 27 միլիոն դրամ տրամադրելուն, որ խաղահրապարակ կառուցվի, կարելի էր դրա փոխարեն սկսել նորոգման աշխատանքները»։ 

Երկար քննարկումից հետո որոշվեց գնալ եւ տեսնել այդ շենքերի իրական տեսքը։ Քաղաքապետարանի աշխատակիցներն ու ԲՀԿ ավագանու անդամները բնակիչների հետ միասին բնացին Վարդաշեն։