ՀՀ զինված ուժերը բավական լավ տեմպերով համալրվում են նոր տեխնիկայով. այդ տեխնիկայի համար անվադողեր են անհրաժեշտ լինելու եւ եթե ՀՀ-ում արտադրված անվադողերը որակական չափանիշներին համապատասխանեն, կարող են օգտվել դրանից: Այս մասին սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործարարներից մեկի դիտարկմանը, որ ինքը զբաղվում է մաշված անվադողների նոր մեթոդով վերականգնմամբ, սակայն ՀՀ իշխանությունների կողմից բավարար աջակցության չի արժանանում:
Անդրադառնալով գործազրկության թեմային, վարչապետն ասաց. «Վերջին շրջանում շատ եմ հանդիպում գործարար շրջանակների հետ եւ չի եղել մի հանդիպում, որ չբողոքեն, որ չեն կարողանում աշխատող գտնել: Սա համատարած խնդիր է Հայաստանում: Այս տարի ելակի արտադրությունն աճել է մոտ 200 տոկոսով, որովհետեւ ստեղծվել են նոր ջերմոցներ: Գործարարներից մեկն ասաց, որ ինքը Եվրոպայից է բերում մասնագետ, վճարում է Հայաստանի միջինաշխատավարձից 10 անգամ ավելի աշխատավարձ, որպեսզի այդ գործում իրեն աջակցեն: Իհարկե, դրա համար պետք է լինել մասնագետ»:
Վարչապետը նշեց, որ վերջերս իր հանձնարարությամբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզել է, որ Հայաստանում կա 7,5 հազար թափուր աշխատատեղ եւ աշխատանք փնտրողներից մոտ 5 հազար մարդ տեղավորվել է աշխատանքի. «Մենք որոշակի խնդիր ունենք աշխատանք փնտրողներին եւ աշխատող փնտրողներին իրար կապելու համար»:
Փաշինյանը որպես օրինակ բերեց «Ձյունիկ» սառնարան» ընկերության հրդեհից հետո առաջացած իրավիճակը. «Հրդեհից հետո պետք էր տարածքից հեռացնել փչացած մթերքը եւ չի գտնվել գեթ մեկ մարդ, որը համաձայնել է անել այդ աշխատանքը, թեեւ բարձր վարձատրություն էին խոստանում՝ 10-15 հազար դրամ օրական: Ի վերջո, դա արեցին հնդիկները»:











