Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին հետեւյալը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2017-2019 թվականների ընթացքում Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ճամբարակ ու Շողակաթ համայնքների վարչական տարածքում, ինչպես եւ շրջակա միջավայրի նախարարության «Սեւան ազգային պարկի» Արտանիշի մասնաճյուղի տարածքում կազմակերպել եւ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն։
Մասնավորապես արդյունահանել է լիցենզավորման ենթակա 1200 խորանարդ մետր ավազ եւ 1000 խորանարդ մետր հող, որոնք ընդհանուր շուրջ 6․200․000 դրամով իրացրել է։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ պետությանը պատճառվել է 7․550․000 դրամի վնաս։ Պարզվել է նաեւ, որ Ճամբարակ ու Շողակաթ համայնքների ղեկավարները, ինչպես եւ «Սեւան ազգային պարկի» Արտանիշի մասնաճյուղի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորությունները օգտագործել են ծառայության շահերին հակառակ՝ թույլատրելով, որ Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը զբաղվի ավազի եւ հողի արդյունահանման ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։
Հանգամանքները պարզվում են։











