Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետք է զերծ մնար նման հայտարարություն անելուց, քանի որ նման պաշտոն զբաղեցնող անձը գալիս է լուռ եւ գնում է լուռ այդ պաշտոնից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ պետք է չհասնեինք այս կետին. «Այն ինֆորմացիան, որ տիրապետում է այդ պաշտոնը զբաղեցնող անձը, յուրաքանչյուր մեկ խոսք կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ»։

Հովհաննիսյանը համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, որ Վանեցյանը դուրս է եկել գերագույն գլխավոր հրամանատարի դեմ.  «Գլխավոր հրամանատարին ենթակա անձը, որը այդ ժամանակ շատ կարեւոր դիրք ուներ,  դուրս է գալիս իր գլխավոր հրամանատարի դեմ,  սա երկրի անվտանգության հարց է»։

Հարցին՝  հնարավո՞ր է, որ Վանեցյանը ներգրավված լինի հեղաշրջման փորձի մեջ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ նման ասեկոսեներից»։

Իսկ Վանեցյանի աշխատանքի մասով պատգամավորը նշեց՝ «սկզբնական շրջանում նորմալ է գնահատել, հետո դժգոհությունները բավականին շատ էին»։