ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը բառիս բուն իմաստով սպա էր, եւ երբեք չէիր կարող հասկանալ՝ նրան անհանգստացնող խնդիր կա՞ր, թե՞ ոչ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը:
Տարածված լուրերի առնչությամբ, թե վերջին շրջանում Հայկ Հարությունյանը հաճախ էր չարաշահում ալկոհոլը, Մկրտչյանն ասաց. «Ինձ համար դժվար է խոսել, որովհետեւ մտերիմ ենք եղել, աշխատել ենք իր հետ: Ինձ համար նա երկրին, հայրենիքին նվիրված սպայի կերպար էր, որը հստակ կատարում էր իր առջեւ դրված խնդիրները: Հաճախակի ենք շփվել, քանի որ մենք նաեւ հարեւաններ ենք»:
Հարցին՝ արդյոք Հարությունյանը խոսել է իր հետ իր խնդիրների մասին, Մկրտչյանն ասաց. «Նա բառիս բուն իմաստով սպա էր, եւ երբեք չէիր կարող հասկանալ՝ նրան անհանգստացնող խնդիր կա՞ր, թե՞ ոչ»:
Հարցին՝ ինչ թեմաներից էին զրուցում միասին, Մկրտչյանն ասաց.
«Երկիր, հայրենիք, բնություն, որս, իր կատուները, իր աշխարհը, որը ստեղծել էր Բջնիում: Շատ հետաքրքիր թեմաներ կային բացի քաղաքականությունից»:











